«Գինեսի ռեկորդների գրքում» գրանցված հայ վարպետի պատմությունը
20-րդ դարի ամենահայտնի դիմանկարների հեղինակը նույնպես հայ է:
Թուրքիայում ծնված ազգությամբ հայ, Հայոց ցեղասպանությունը վերապրած անվանի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարչական ապարատն անմահացրել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Արլբերտ Էյնշտեյնը, Ուինսթոն Չերչիլը, Ֆիդել Կաստրոն, Պաբլո Պիկասոն, Ժակ Կոստան, Էլիզաբեթ Թեյլորը, Օդրի Հեփբերնը, Ալֆրեդ Հիչքոքը, Էնդի Ուորհոլը, Մուհամեդ Ալին, Մարտին Լյութեր Քինգը, Բրիջիտ Բարդոն, Մայր Թերեզան և այլք:
Դիմանկարային լուսանկարչության ամենամեծ վարպետ ճանաչված Յուսուֆ Քարշը (հայկական անունը՝ Հովսեփ) ծնվել է 1908 թ․-ին Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջանում գտնվող Մարդին քաղաքում։
14 տարեկան էր, երբ իր ընտանիքն էլ, ինչպես հարյուր հազարավոր հայ ընտանիքներ, ճաշակեց Ցեղասպանության ողջ դառնությունը։ Հովսեփի ընտանիքը հալածանքների ենթարկվեց, քույրը՝ սովից մահացավ։ 1922 թ․-ին ստիպված եղան փախչել Հալեպ։

Շուտով ծնողները Յուսուֆին ուղարկում են Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու համար։ Վերջինս հմուտ լուսանկարիչ էր: Այստեղ Քարշը կրթություն է ստանում և աշխատում Նաղաշի ստուդիայում։
4 տարի անց Յուսուֆը, վերադառնալով Կանադա, ստեղծում է սեփական լուսանկարչական ստուդիան Օտտավայի կենտրոնում։ Սկզբում, ինչպես և սպասելի էր, գործերն այնքան էլ լավ չէին ընթանում, սակայն շուտով մշտական հաճախորդների թիվն ավելանում է, իսկ երիտասարդ լուսանկարչի նկարները սկսում են տպագրվել «Saturday Night» շաբաթաթերթում։
1936թ․-ին Յուսուֆը հնարավորություն է ստանում լուսանկարելու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որը Կանադա էր այցելել։

Սակայն լուսանկարչին համաշխարհային հռչակ էր բերելու մեկ այլ՝ շատ կարևոր հանդիպում։ 1941 թ․-ին նա լուսանկարում է Կանադա այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին։ Չերչիլի հայտնի լուսանկարի նախապատմությունը Յուսուֆի կյանքի ամենից շատ պատմված ու կարելի է ասել լեգենդար դրվագներից մեկն է․ 1941 թ․-ին Ուինսթոն Չերչիլը ժամանել էր Օտտավա՝ Կանադայի խորհրդարանում ելույթ ունենալու նպատակով: Նրան նախապես չէին զգուշացրել, որ պետք է լուսանկարեն:
Չերչիլն ասում է Յուսուֆին․ «Դու մռնչացող առյուծին անգամ կարող ես ստիպել հանգիստ կանգնել լուսանկարվելու համար»: Չերչիլի՝ «Մռնչացող առյուծը» լուսանկարի շնորհիվ Յուսուֆ Քարշը դարձավ ժամանակի ամենահայտնի ու պահանջված լուսանկարիչներից մեկը։
Նրա տեսախցիկի շնորհիվ մենք այսօր ճանաչում ենք հարյուրամյակի ամենահայտնի մարդկանց ոչ միայն դեմքով, այլև իրենց ներաշխարհով, բնավորությամբ ։
«Գինեսի ռեկորդների գրքում» որպես դիմանկարային լուսանկարչության ամենամեծ վարպետ ճանաչված Յուսուֆ Քարշը լուսանկարել է միջազգային Who’s Who («Ով ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից 51-ին։

Այդ մարդկանց թվում են Ուինսթոն Չերչիլը, Էռնեստ Հեմինգուեյը, Ալբերտ Էյնշտեյնը, Մայր Թերեզան, Ուոլթ Դիսնեյը, Օդրի Հեփբերնը, Մուհամմեդ Ալին, Ֆիդել Կաստրոն, Դուայթ Էյզենհաուերը, Սոմերսեթ Մոեմը, Ֆրանկլին և Էլիոնոր Ռուզվելտները, Պաբլո Պիկասոն, Ջոն Քենեդին, Բիլ և Հիլարի Քլինթոններ, Շառլ դը Գոլը, Բերնարդ Շոուն, Ալբեր Քամյուն, Ժան Կոկտոն, Մարտին Լյութեր Քինգը, Յուրի Գագարինը, Սալվադոր Դալին, Միխայիլ Գորբաչովը, Նելսոն Մանդելան և շատ այլ նշանավոր անձինք:
Լուսային էֆեկտների շնորհիվ Յուսուֆ Քարշն իր դիմանկարներում հրաշալի խորություն ու արտահայտչականություն էր ստեղծում՝ ընդգծելով յուրաքանչյուր դետալը։
Յուսուֆ Քարշի աշխատաոճի ևս մեկ առանձնահատկությունը «պահը բռնելու» զարմանալի հմտությունն էր։ Ինչպես ասում էր նշանավոր նկարիչը․ «Ամեն մի մարդու մեջ գաղտնիք է թաքնված և իմ խնդիրը այն բացահայտելն է։ Այդ բացահայտումը կլինի, եթե այն իհարկե կլինի, չափազանց փոքր ժամանակահատվածում։ Մարդը կարող է ակամա ժեստով, աչքերի փայլով կամ ինչ-որ այլ կերպ հանել դիմակը, որը մեզնից յուրաքանչյուրին սահմանազատում է արտաքին աշխարհից։ Այդ պահին լուսանկարիչը պարտավոր է կատարել իր աշխատանքը՝ այլապես նա կպարտվի»։

90-ականների սկզբին նա փակում է Օտտավայի իր ստուդիան և անցնում վաստակած հանգստին՝ չմոռանալով իր կյանքի մեծ սիրո՝ լուսանկարչության մասին։
Լուսանկարիչն իր մահկանացուն կնքեց 2002 թ․-ին՝ 93 տարեկան հասակում։
Յուսուֆ Քարշի տաղանդի շնորհիվ այսօր մենք գիտենք, թե ինչպիսին էին XX դարի ամենահայտնի դեմքերը։ Նրա աշխատանքները ցուցադրված են աշխարհի լավագույյն թանգարաններում ու մինչ օրս ոգեշնչման անհատակ աղբյուր են ինչպես լուսանկարիչների, այնպես էլ սովորական հանդիսատեսի համար։