Ո՞վ է Եվրոպական բարձրագույն գրական մրցանակին արժանացած առաջին ՀԱՅ գրողը
- Արամ Պաչյանի մասին
Սևակ Հակոբի Թամամյանը՝ Արամ Պաչյանը ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։
Հայրը ճանաչված վիրաբույժ Հակոբ Ղուկասի Թամամյանն է, որը 1988-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։
- Պաչյանն իրավագիտական կրթություն ունի:
1999-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2004-2006 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, այնուհետև՝ 2008 թվականից, աշխատել իրավապահ մարմիններում:
Պաչյանի գրական ուղին սկսվել է 2007 թվականից, երբ առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթում»: Երկու տարի անց՝ 2009 թվականին դուրս է եկել իրավապահ մարմիններից` որոշելով զբաղվել միայն գրականությամբ:
Պաչյանն իր «Թափանցիկ Շշեր», «Ռոբինզոն», «Աշխատանք, Աշխատանք», «Շախմատային Նովել» և այլ ստեղծագործությունների համար արժանացել է մի քանի գրական մրցանակների:
2012 թվականին «106.5» Լրատվական Ռադիոյով վարել է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը։
Արամ Պաչյանի փորձարարական, անտիպ վեպի տեքստերի հիման վրա 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը։
2016 թվականին Պաչյանին նկարահանել է Նիդերլանդական հայտնի VPRO հեռուստաընկերությունը՝ «Offline is the new luxury (VPRO backlight)» վավերագրական ֆիլմում:
- Գրքեր
Ռոբինզոն և 13 պատմվածք, Երևան, Գրական էտալոն, 2010
Ցտեսություն, Ծիտ (վեպ), Երևան, Անտարես, 2012
Ռոբինզոն, (պատմվածքներ), Երևան, Անտարես, 2012
- Մի քանի միտք գրողի հարցազրույցներից
- Իրական արվեստագետի վերջնական երազանքը ազնվորեն կեղծ ազնվության դեմ ապստամբությունն է, դրա վերջնական ոչնչացումը՝ որպես կատարյալ գեղեցկության հասնելու վտանգավոր արար:
- Ռոբինզոնը միակ հերոսն էր, որ ցույց տվեց ինձ իմ կյանքը վերագտնելու աշխարհի վերջին տեղը՝ մենությունը…
- Դեֆոն իր հերոսին դուրս մղեց քաղաքակրթությունից, որպեսզի նա առաջին անգամ իսկապես տեսնի ու նկարագրի աշխարհը…
- Աստված ևս իրավունք ունի ժամանակ առ ժամանակ գայթակղվելու, ընկնելու դեպրեսիայի մեջ, տարվելու խոհափիլիսոփայական զեղումներով և, իհարկե, նշումների համար առանձնանալու ամենալուռ սենյակում:
- Քնեցի, արթնացա, քնեցի, արթնացա. խղճուկ կյանք:
- Ամեն տարի՝ հունվար ամսին, ես շարունակում եմ պահպանել ավանդույթը՝ այրում եմ օրագիրս:
- Ես լրացված օրագիրս վառում եմ՝ ինքս ինձ նորից հանդիպելու համար, ինքս ինձ կրկնելու հավանականությունը մերժելու համար:
- Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է: