Էրիկը գիշերը սնունդ ու զենք է հասցրել իր մարտական ընկերներին, իսկ ամբողջ ցերեկը խրամատում զենքը ձեռքին կռվել է թշնամու դեմ. Ճանաչենք մեր հերոսներին

«Էրիկս ասում էր՝ էս հողը թուրքին չենք տալու, թեկուզ արյան գնով, բայց էս հողերը պահելու ենք, ու ամեն անգամ ինձ հասկացնում էր, որ ինքը հետ չի գալու։

Ասում էր՝ մամ, գիտե՞ս՝ էս ինչ հողեր են, եթե կորցնենք, չես պատկերացնի՝ ինչեր ենք կորցնելու։ Սրանք Մոնթեի դիրքերն են, մենք իրավունք չունենք մեր դիրքերը կորցնելու։ Մոնթեի դիրքերը միշտ պետք է անառիկ մնան…»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա հերոսի մայր Արուս Գալստյանը:

Էրիկ Սայաթի Գալստյանը ծնվել է 2001թ. հոկտեմբերի 31-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ 2020թ. հունվարին էր  զորակոչվել բանակ, ծառայել է Մարտունի 2-ում, եղել է վարորդ։

zinvorner

«Իմ սիրտն ամեն անգամ զգացել է, երբ երեխես վտանգի մեջ էր լինում, մեծ տղայիս ասում էի՝ Նարեկ, զանգի, զգում եմ՝ Էրիկս լավ չէ։ Երբ իմանում էի՝ ինչի միջով է անցել, ասում էի՝ զգույշ, արևս, ասում էր՝ մամ, դու աղոթի, քո աղոթքի շնորհիվ է, որ ողջ եմ։ Բայց ինչը սխալ արի՝ չգիտեմ, ինչի Աստված ինձ չլսեց, ինչի էդ մի անգամն էլ բալիս չփրկեց»,- շարունակում է Էրիկ Գալստյանի մայրը:

«Էրիկիս ընկերները պատմում են, որ ավտոմեքենայի շարասյունը պայթեցնելուց հետո Մարտունու միակ վարորդը եղել է Էրիկը, ով քաջաբար, առանց վախենալու գիշերը սնունդ ու զենք է հասցրել իր մարտական ընկերներին, իսկ ամբողջ ցերեկը խրամատում զենքը ձեռքին կռվել է թշնամու դեմ։ Իմ տղեն 34 օր գնացել է գիտակցված մահվան, քաջ գիտենալով, որ հնարավոր է հետ չվերադառնա։ Այդ մասին միայն պատմել է իր ավագ եղբորը՝ Նարեկին, որ եթե զոհվեր, եղբայրը իր տեղն իմանար։ Եղբորը խնդրել էր, որ մեզ չպատմի իր դժվարությունների մասին։ Ամեն անգամ իր հանձնարարությունները պատվով կատարելուց հետո զանգել է եղբորը ու ասել՝ ախպերս, հանգիստ, ես լավ եմ, տեղ եմ հասել։

Դիրքերը զենք տանելիս Էրիկը և իր ընկերը շրջափակման մեջ են ընկել, բայց կարողացել են դուրս գալ և զենք հասցնել տղաներին։ Հոկտեմբերի 23-ին մեքենայով գնացել է Վարանդա, որտեղ էլ իր վերջին մեքենան են պայթեցրել, և նա վիրավորվել է։ Վարանդայում հինգ օր մնացել են շրջափակման մեջ, մտածել, որ այլևս դուրս չեն գալու։ Մենք չենք իմացել, բայց իր ընկերոջն ու եղբորն ասել է՝ լա՛վ մնացեք, չգիտեմ՝ դուրս կգամ, թե ոչ։ Բայց այստեղից էլ նորից հաղթանակով դուրս են գալիս, միայն զոհվել է, ինչպես Էրիկն էր ասում, իրենց պահող ու պաշտպանող մեծատառով հրամանատարը:

Պատերազմի օրերին հրամանատարը Էրիկիս ասել է՝ քո պես քաջ տղերքն են Մոնթե դառնում, իմ տղա, հլը սպասիր, պատերազմը վերջանա, միասին ինչեր ենք անելու։ Ընկերները պատմում են, որ եղել է վիրավոր, բայց դրա մասին եղբորը չի ասել, իսկ մոտ ընկերը նրան ասել է. «Ավելի լավ կլինի՝ այս անգամ մեզ հետ չբարձրանաս դիրքեր, գնա և ապաքինվիր, հետո նորից կմիանաս մեզ։ Էրիկը նրան պատասխանել է՝ էստեղ դիրքերում իմ ընկերներն են մահացել, ես էս մի թեթև վերքի համար գնամ հոսպիտա՞լ, բա ես հետո ինձ ո՞նց ներեմ:

zinvor

Հոկտեմբերի 29-ին ստանում է ծանր վիրավորում, աչքի առաջ զոհվում է իր ամենամոտ ընկերը՝ Նորայրը։ Երբ իրեն վիրավոր վիճակում փորձում են ցած իջեցնել, տղաների վրա բղավում է, որ ինքը լավ է, իրեն թողնեն և գնան Նորոյի մարմինը բերեն, չթողնեն այնտեղ։ Երբ տղաները Էրիկից մի փոքր են հեռու լինում, ընկնում է երկրորդ սնարյադը, ու հենց այդտեղ էլ Էրիկը ստանում է մահացու հարված և զոհվում է»,- շարունակում է տիկին Արուսը:

Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի մայրը պատմում է, որ Էրիկը շատ երազանքներ ուներ, բայց էդ մասին երբեք չէր արտահայտվում։

«Էրիկս շատ լուռ էր, իրենից երբեք ոչինչ չէինք իմանում, նկարվել չէր սիրում, էդքան զենքերի մեջ ոչ մի անգամ զենքը ձեռքին չթիթիզացավ ու չնկարվեց։ Մի անգամ ասացի՝ մի նկար էլ դու մեզ ուղարկի, որ քեզ տեսնենք։ Ասաց՝ մամ, ես ժամանակ չունեմ նկարվելու համար, տղերքն ինձ են սպասում, դու գիտես՝ էդ թիթիզությունը իմ համար չէ, մամ։

Ես երբեք չեմ հպարտանում, որ հերոսի մայր եմ, բայց ուրախ եմ, որ հենց իր մայրն եմ, որ ինքն իմ հզոր բալեն է։ Երբ տղերքն իր քաջությունների մասին պատմում են, թե ինչեր է արել, ես ակամայից հպարտություն եմ զգում։ Մինչև պատերազմը ես ամենաերջանիկ մայրն էի, իսկ հիմա ես չեմ ապրում, որովհետև էս ապրել չէ, երբ կարոտն ու ցավը սրտումդ է»,- եզրափակում է 20-ամյա հերոսի մայր Արուս Գալստյանը:

Էրիկ Սայաթի Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։