Մայրը մի անկյունում դուխու պատյան է կախել ու տղայի հոտն է զգում. Կարդացեք հերոս Հարությունի պատմությունը

«Հարութս սիրում էր իրեն ոտից գլուխ դուխի անել։ Ես էլ իր անկյունում դուխու պատյան եմ կախել, որ անկյունից անուշ հոտ զգացվի, հուշերով ապրում եմ»,- հուզվում է 42-ամյա Բինա Աղաբաբյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է կրտսեր որդուն՝ 19-ամյա Հարություն Հովսեփյանին։

Հարություն Հովսեփյանը ժամկետային զինծառայող է եղել, պատերազմը սկսվելուն պես Իջևանի զորամասից տեղափոխվել է Ջրական, սակայն մայրն ասում է՝ որդին երբեք չէր ասում, որ մարտի դաշտում է․ 

«Զանգում էր, ասում էր՝ մենք ապահով տեղ ենք, լավ տեղ ենք, հանգի՛ստ եղի: Երեխեն մեզ չէր ասում՝ որտեղ ա»։

zinvor

Որդու հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին՝ երեկոյան ժամը 7-ի մոտ։ Որդին հարցրել է՝ հայրը, մայրը ոնց են։ Այդ զանգից հետո Հարությունի հեռախոսը անհասանելի է դարձել։ 

«Ես նամակ գրեցի, զանգեցի՝ անհասանելի էր, խառնվեցի իրար։ Հոկտեմբերի 13-ին լուրը բերին»,- հուզվում է մայրը։

Մոր խոսքով՝ տղան զոհվել է ԱԹՍ-ի հարվածից․ «Հարությունի դեմքն անվնաս էր, ասկոլկեքը ձախ կողմն էին՝ թևով, ոտքով, մեջքով»,- արցունքները կոկորդում խեղդելով ասում է Բինան։

Հարությունը հրետանավոր էր, մայրը որդու զինակից ընկերների խոսքը վերապատմելով ասում է՝ Հարությունը թիրախին խփելիս երբեք չէր վրիպում․ 

Ընկերներն ասեցին, որ հրետանու արկղի վրա գրիչով գրել էր՝ «Կյաժից՝ Ալևին» ու ոչխար նկարել: Ասել ա՝ ռակետը քեզ ա հասնելու, ու էդպես մի քանի հատ կրակել ա»։

medal

Մայրը, արցունքները դժվարությամբ զսպելով, ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը դատարկվել է և անիմաստ դարձել:

Մոր պատմելով՝ Հարությունը ժպտերես, բաց սրտով տղա էր, սակայն գաղտնապահ էր։ Ինքնուրույն սովորել էր լավ շախմատ խաղալ, սիրում էր երգել, կիթառ նվագել, սիրում էր համակարգիչը ու ցանկանում էր բանակից վերադառնալուց հետո այդ ոլորտում մասնագիտանալ և աշխատել։

Մայրն ասում է՝ տեսել է որդու մարմինը, գիտի, որ որդին զոհվել է, սակայն ինքն իրեն հույս է տալիս, որ հեռվում է, ծառայություն է իրականացնում, ասում է՝ ծանր է ընդունել դաժան իրականությունը․ 

«Երեխես չկա, իմ մոտ չի, ես իմ աչքերով տեսել եմ երեխուս, ես ինքս ինձ ասում եմ՝ մոտս չի, ուրիշ տեղ ծառայության ա։ Ծառայության մեկնելուց առաջ կոնյակի շշի վրա գրել էր՝ մինչև չգամ, խնդրում եմ՝ չբացեք, ու մինչև հիմա կոնյակը մնում ա իր անկյունում»,- ասում է մայրը ու հուզվում։