Իսկ դուք գիտե՞ք այս եկեղեցու կառուցման պատմությունը. Այն Ձեզ պարզապես կապշեցնի
Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում: Այն արտաքուստ և ներքուստ խաչաձև է, 6×7,5մ չափերով, տրոմպային փոխանցմամբ գմբեթավոր եկեղեցի է:

Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով։ Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել։ Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ։
Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-1799 թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873 թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը։

Ըստ ավանդության, շատ վաղուց երեք քույրեր սիրահարվել են մի երիտասարդի, և երկու ավագ քույրերը որոշել են զոհաբերել իրենց, որպեսզի կրտսեր քույրը երջանիկ լինի իր սիրելիի հետ: Նրանք հագել են կարմիր և ծիրանագույն զգեստներ և նետվել Աշտարակի ձորը: Այս լուրն իմանալով՝ կրտսեր քույրը նույնպես նետվել է ձորը՝ սպիտակ զգեստներ հագնելով։
Երիտասարդ տղան դարձել է ճգնավոր, իսկ որոշ ժամանակ անց կիրճի եզրին հայտնվել են Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները։

Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։