Պուշկինը ՀԱՅԵՐԻ մասին. «Ты трус, ты раб, ты армянин!». արտահայտության իրական պատմությունը

Թշնամական քարոզչամեքենան ոչ միայն մեծ հետաքրքրություն ունի ռուս գրականության հանդեպ, այլև առիթը բաց չի թողնում՝ ցիտելու դասականներին: Թշնամական երկրի բնակիչները նաև աչքի են ընկնում խոսքը կոնտեքստից հանելու ու դրան լրիվ այլ իմաստ հաղորդելու հմտությամբ: Հայտնի ռուս պոետ Պուշկինի խոսքերը՝ կոնտեքստից դուրս դարձել են լոզունք թշնամու համար, սակայն իրականում ի՞նչ նկատի ունեևժր մեծ գրողը:

«Ты трус, ты раб, ты армянин!»

Հարկ է նշել, որ ռուս պոետը շատ է սիրել հայերին, բացի այդ, նրա ամենամտերիմ ընկերների ցանկում գերակշռում էին հայկական ազգանունները։ Պուշկինը նաև բազմիցս եղել է Կովկասում և Հայաստանում։ «Ты трус, ты раб, ты армянин!» արտահայտությունը «Տազիթ» պոեմի կոնտեքստից դուրս բերված հատված է. ոչ թե Պուշկինն է արտաբերել այս խոսքերը, այլ նրա պոեմի հերոսը:

Պոեմի սյուժեի հիմքում հոր և որդու միջև եղած տարաձայնությունն է, այս պոեմը ընտանեկան ողբերգության մասին է: Հերոսներից մեկի՝ հոր անունը Ղասուբ է, ինչը նշանակում է «գիշատիչ», «ավազակ», իսկ որդու անունը՝ Տազիթ, թարգմանաբար՝ «նոր», «երիտասարդ»: Մինչդեռ Ղասուբը առավել դաժան ու վրիժառու էր, Տազիթը մարդասեր էր… Այդ մասին վկայում են մի շարք դրվագներ, որոնք տեղ են գտել պոեմում: Օրինակ, հանդիպելով թիֆլիսահայ վաճառականին, որը մենակ էր ու անպաշտպան, Տազիթը չի կողոպտում նրան, այնուհետև, երբ փախչում է Տազիթի տան ծառան, տղան չի պատժում վերջինիս: Վերջապես, Տազիթը չի սպանում իր եղբորը սպանող մարդասպանին, քանի որ նա «մենակ էր, վիրավոր ու անզեն»…Հենց վերոնշյալ դեպքից հետո է, որ արյունարբու հայրը բարկանում է և ասում.

«Գնա գրողի ծոցը, դու իմ որդին չես: Դու չեչեն չես, ծեր կին ես: Դու վախկոտ ես, ստրուկ ես, հայ ես»…

Ի դեպ, սևագիր տարբերակում «армянин» բառի փոխարեն եղել է «христианин» բառը, մաքրագրելուց հետո, Պուշկինը փոխել է այն «армянин»-ի, որպես քրիստոնյա բառի լիարժեք հոմանիշ: Բացի այդ, այս երեք բառերը «трус», «раб», «армянин» օգտագործվում են առանձին-առանձին, այլ ոչ թե իբրև մեկ, ընդհանուր իմաստ արտահայտող բառեր, քանի որ «армянин» բառից առաջ չկա «-» կետադրական նշանը, որը պարտադիր կլիներ, եթե հեղինակը ի նկատի ունենար, որ այս երեք բառերը ունեն նույնատիպ իմաստ: Այստեղ պարզապես թվարկվում են մի շարք հատկանիշներ, որոնք հեղինակի կարծիքով հարիր են անպաշտպան մարդուն սպանել չցանկացողին…