Թալիշում բացվեց աղբյուր-խաչքար՝ արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին. Տղաները քաջաբար կռվել են մինչև վերջին շունչը

Արցախյան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանի հոր՝ Մամիկոն Համբարյանի գաղափարով, իրենց բակում տեղի է ունեցել Թալիշի 156 մարտական դիրքի և «Սիս» հրամանատարական դիտակետի պաշտպանների հիշատակը հավերժացնող աղբյուր-խաչքարի հանդիսավոր բացումը:

«Տղերքի զոհվելը իմաստալից է, որովհետև մինչև վերջ տղերքը հավատացել են, որ իրենք դիրքը չեն տվել, և «դրանից հետո»-ն է արդեն հարց, ու եթե ողջ մնային և դիրքը տային, կնշանակեր, որ մենք բանակ չունենք»,- ասում է հերոս Դավիթի հայրը՝ Մամիկոն Համբարյանը:

herosner

Դավիթի հարազատները տղայից վերջին լուրը ստացել են պատերազմից առաջ, իսկ հոկտեմբերի 7-ին տղայի անուն-ազգանունը տեսել են զոհվածների ցուցակում: Համբարյանների ընտանիքին ամիսներ շարունակ չի փոխանցվել տղայի մարմինը և ոչ էլ որևէ պատշաճ տեղեկություն՝ երբ և ինչ հանգամանքներում է զոհվել 19-ամյա կրտսեր սերժանտը:

Պատերազմից կես տարի անց հաջողվեց գտնել գյումրեցի սերժանտի մարմինը և հանձնել հողին:

batsum

Արցախյան պատերազմում զոհված Հենրիկ Ասատրյանի հայրը՝ Աշոտ Ասատրյանը ասում է. «Իմ տղեն եղել է «Սիս» հրամանատարական դիտակետում և տեսնելով, որ Թալիշի 156 մարտական դիրքը թշնամին ավերում է, փորձել է թշնամուն ջախջախիչ հարված տալ, բայց ուժերն անհավասար էին, երեխես մինչև վերջին շունչը պայքարել է և զոհվել հանուն հայրենիքի և հանուն բոլորիս:

Հուշաքարը մեզ համար սփոփանք է… պատերազմից հետո ամեն ծնող ստեղծել է իր սրբավայրը: Մեր սրբատեղին հիմա պանթեոնն է ու մեր տան մեջ երեխեքի անկյունը»,- ասում է Աշոտ Ասատրյանը:

hushardzan

Ասատրյանների ընտանիքին ամիսներ անց է հաջողվել գտնել որդու մարմինը: Որդու մասին տևական ժամանակ լուր չեն ունեցել, հույս են ունեցել, որ  որդին կարող է գերեվարված լինել: Հենրիկ Ասատրյանի  աճյունը գտնվել է  նրա ծննդյան 20-ամյակից օրեր անց:

Ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների՝ հնչեցվեց աղոթք և տեղի ունեցավ խնկարկում:

Նաև անվանական եղևնիներ են տնկվել անմահ հերոսների հիշատակին: