Արամ Խաչատրյանի խորհրդավոր հանդիպումների հետքերով

Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում: Դալին իմանում է, որ կոմպոզիտորը հյուրախաղերով գտնվում է իր քաղաքում և հրավիրում է Խաչատրյանին իր առանձնատուն:

Վերջինս ընդունում է հրավերը, իսկ Դալին Խաչատրյանին ընդունելու համար Ամերիկայից հատուկ ժամանում է Իսպանիա: Խնդիրն այն էր, որ Դալին հայտնի էր իր էքսցենտրիկությամբ և արտասովոր վարքով: Դալին Դալին չէր լինի, եթե այդ հանդիպումն առանձնահատուկ չլիներ:

Նա մի քանի ժամ սպասեցնել է տալիս Խաչատրյանին իր հյուրասրահում: Կոմպոզիտորն արդեն պատրաստվում է հեռանալ, երբ ժամացույցն ազդարարում է ժամը 16:00-ն, վերջին զարկի հետ մեկտեղ, թաքնված բարձրախոսներից խլացուցիչ զրնգոցով լսվում է «Սուսերով պարը»: Դուռը բացվում է, ու ներս է խուժում մերկ Դալին՝ հատակի փայտին հեծնած, գլխից վերև էլ սուսերը թափահարելով: Նա մի քանի պտույտ է կատարում Խաչատրյասնի շուրջ ու նորից անհետանում, որտեղից հայտնվել էր…

Սանդղամուտքի մոտ Խաչատրյանին հանձնեցին Դալիի շքեղ ալբոմը` հեղինակի մակագրությամբ` որպես անմոռանալի հանդիպման հուշանվեր: Այս պատմության մեկ այլ տարբերակով՝ հաջորդ օրը Դալին հանդիպել է Ա. Խաչատրյանին, ներողություն խնդրել և նրան նվիրել իր մանրանկարների ալբոմը, որը արժեր մի քանի միլիոն դոլլար: