Հիշու՞մ ես Արտաշեսի և Սաթենիկի պատմությունը. ինչպես նա դարձավ ԹԱԳՈՒՀԻ

Արտաշես Ա թագավորի օրոք (մ.թ.ա 190/189-մ.թ.ա 160/159 թթ.), Ալաններ կոչվող ժողովուրդը փորձում էր ներխուժել Մեծ Հայաստանի Թագավորություն։

Իր թագավորությունը պաշտպանելու համար Արտաշեսը հավաքեց բավական մեծ բանակ և դիմադրեց զավթիչներին Քուռ գետի վրայով անցնելու ժամանակ։ Ըստ հնագույն աղբյուրների՝ երկու բանակների միջև կատաղի պատերազմ է տեղի ունեցել։ Այնուհետև Ալանները ստիպված եղան մի փոքր նահանջել և Քուռ գետի հյուսիսային ափին հաստատել իրենց բազային ճամբարը: Նույնը արեց Արտաշեսը գետի հարավային ափին։

Հայերի և Ալանների միջև ավելի վաղ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ Ալան թագավորի որդին գրավվեց հայերի կողմից։ Քանի որԱրտաշեսը հրաժարվոմ էր արքայազնին վերադարձնել, արքայազնի քույրը՝ արքայադուստր Սաթենիկը, փորձեց խոսել Արտաշեսի հետ:

Ըստ ավանդության՝ Սաթենիկը մոտեցել է գետի ափին և կանգ առել մեծ ժայռի վրա։ Թարգմանիչների միջոցով Նա խոսել է Արտաշեսի հետ՝ ասելով.

«Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն»

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշում է փախցնել Սաթենիկին.

«Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը»:

Իսկ Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքի մասին երգում են.

«Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին»։