Հմայքների, մոգության և սնահավատության հետքերով։ Նոր փաստեր հայկական կենցաղից

Հին աշխարհի երկրներում, ինչպես նաև Հայաստանում, որոշ առարկաների և երևույթների վերագրվում էին  տարբեր նշանակություններ և գործառույթներ, օրինակ  չարին վանելու և հաջողություն բերելու հատկանիշներ: Դրանք հիմնականում իրեր էին, որոնք պատրաստվում են հատուկ ծիսակարգով և պահվում հատուկ պայմաններում: Այս բոլոր առարկաներն կոչվում էին հմայիլներ կամ, այսպես ասած, հմայքի արժանի իրեր:

Հայերը հնում հավատում էին, որ հմայիլներն իրենց պաշտպանում էին արհավիրքներից, պատերազմներից և անհաջողություններից: Կա կարծիք, որ հմայիլներն առաջացել են մարդկության զարգացման այն փուլում, երբ մարդկանց մեջ դեռ չկար հստակ տարբերակում գիտելիքի, իրականի և երևակայականի միջև:

Մինչ գրավոր աղոթքների առաջացումը, մարդիկ չարխափան խորհուրդ էին տեսնում երկաթի, քարի կամ փայտի կտորների մեջ: Նրանք դրանցից տարբեր փոքրիկ կտորներ էին կտրում և պահում իրենց մոտ, որպես իրենց պահապան ուղեկից:

ա

Ընդունված է հմայիլները բաժանել երկու մեծ խմբի՝ բնական և ձեռակերտ: Բնական հմայիլներ են համարվում բուսական և կենդանական աշխարհի տարբեր տարրեր: Դրանցից են օրինակ փուշը, եղջյուրը, սոխը, սխտորը, և հենց սրանք էլ հետագայում հիմք են հանդիսանում ձեռակերտ հմայիլների ստեղծման համար, որոնք պատրաստվում էին հիմնականում փայտից, քարից, մետաղից, բամբակից և այլն:

Հայկական հմայիլների շարքում լայնորեն կիրառվում էր ասեղը: Հայերը համարում էին, որ ասեղ հմայիլը վանում էր բացասական էներգիան: Հնում հաճախ կարելի էր հանդիպել տարեց կանանց, որոնց հագուստի վրա ասեղ կար ամրացված: Նրանք նաև ասեղ էին ամրացնում այն մարդու հագուստին, ով պատրաստվում էր ճանապարհ գնալ:

Հայկական կենցաղում բարիք բերող հմայիլներից ամենատարածվածը համարվում էր պայտը: Այն ամրացնում էին մուտքի դռան վերևում, որպեսզի չարիք չպատահի, և տանը միշտ հաջողություններ լինեն:

Թալիսման քարերից է համարվում վանակնը կամ լեռնային բյուրեղը, որը հնագույն ժամանակներում արդյունահանվել է հիմնականում Վանի և Բիթլիսի տարածքում: Հնում հայերը հավատում էին, որ այս քարն իր մեջ պահպանում է մեծ քանակությամբ էներգիա, և այն համարում էին գերբնական ուժերի շտեմարան:

Կանաչ գունավորում ունեցող քարերըօգտագործվում էին տեսողական հիանդությունները բուժելու նպատակով:

Կապտավուն երանգավորում ունեցող քարերն, ինչպիսիք են՝ փիրուզը և ծովակնը համարվում էին իմաստության խորհրդանիշ: