Մայքլ Արամ․ ճանաչենք մետաղյա պարագաների հայ դիզայներին

Մայքլ Արամ Վոլոհոջյանը ծնվել է 1963 թվականին Ռոդ Այլենդում՝ Արաբկիրից և Խարբերդից տեղահանված և ցեղասպանությունը վերապրած հայկական ընտանիքում։ Փոքր տարիքից Արամը սիրել է տարբեր բաներ քանդել-հավաքել, սիրել և հետաքրքրվել է արվեստով ։ Եվ դպրոցն ավարտելուց հետո էլ սովորում է Բեյթս քոլեջում և ստանում է արվեստի պատմության մասնագետի աստիճան։ Իսկ արդեն գեղարվեստական կրթություն ստացել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։

Հնդկաստանում անցկացրած տարիներին Մայքլ Արամը ուսանել է մետաղյա իրերի ձեռագործ աշխատանքը, սովորել է տիրապետել մետաղական տեխնիկային և աշխատել է տեղացի արհեստավորների հետ։ Իսկ մետաղյա պարագաների իր առաջին հավաքածուն նա հանրությանը ներկայացրել է 1989 թվականին՝ Հնդկաստան կատարած այցելությունից հետո։

Այժմ նա իր աշխատանքները վաճառում է աշխարհի 600-ից ավելի կետերում, իսկ 2007թ. Մանհեթենում բացել է իր անունը կրող խանութ-սրահը։
Մայքլ Արամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Գաղթ» հուշարձան-քանդակը 2015 թվականի հոկտեմբերի 6-ին տեղադրվել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու բակում։

Մայքլ Արամը Նյու Յորքի հայ համայնքի ակտիվ անդամներից է: Այնտեղ նա «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և այլ կազմակերպությունների խորհրդի անդամ ու աջակից է: