Մեզ անհայտ ավանդություններ Նահապետ Քուչակի մասին

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։

Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։