Ինչո՞ւ Փարաջանովը վզից կախեց «No Smoking» գրությունը՝ երեկույթի ներկայանալիս

Մի անգամ՝ Սովետական Միության փլուզման տարիներին, Փարաջանովին ի վերջո թույլ են տալիս լքել երկրի սահմաններն ու մեկնել Ֆելինիի հրավիրած միջոցառմանը՝ համաեվրոպական նշանակություն ունեցող Ռոտերդամի կինոփառատոնին։ Նա փառատոնի մասնակիցներից էր լինելու, ինչպես նաև նախատեսված էր, որ պետք է մասնակցեր փառատոնի բացմանը։ Նախապես հրահանգված էր, որ բացման արարողության ժամանակ գործելու է դրեսս- կոդ՝ տղամարդիկ պետք է սմոքինգներով լինեին, կանայք՝ երեկոյան զգեստներով: Իսկ Փարաջանովին ո՞րտեղից սմոքինգ։

parajanov

Նա երեկույթին ներկայացել է իր սև վերնաշապիկով, որի վրայից ամրացրել է մի ցուցանակ, որը գտել էր հյուրանոցի պատին փակցված և խնդրել, որ մեկն իրեն տրամադրեն։

«No Smoking» գրությամբ՝ պատից պոկած ցուցանակն ամրացնելով՝ մտնում է դահլիճ՝ բացման արարողությանն, ուր հարյուրավոր սմոքինգներով տղամարդիկ էին ու երեկոյան զգեստներով ազնվական կանայք։ Ինչպես պատմում է ականատեսներից մեկը, բոլոր տեսախցիկները, սմոքինգներով տղամարդկանց ու պճնված կանանց թողած, շրջվում են դեպի Փարաջանովը: