Օսմանյան Թուրքիայի առաջին ներկայացուցիչները Օլիմպիական խաղերում ՀԱՅԵՐ էին

1911-ին տեղի է ունեցել հայերիս համար ևս մեկ նշանակալի իրադարձություն։ Այդ տարի Թուրքիան դարձավ Միջազգային Օլիմպիական կոմիտեի անդամ ու իրավունք ստացավ մասնակցել 5-րդ համաշխարհային մարզահանդեսին։ այդ խաղերում Օսմանյան կայսրությունը ներկայացրին երկու հայեր՝ Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը։ Հետաքրքրական է, որ պետությունը հրաժարվեց փակել ճանապարհորդական ծախսերը, արդյունքում, հայկական համայնքը միավորվեց ու հավաքեց անհրաժեշտ գումարը։

Ստոկհոլմի խաղերի ժամանակ մի հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. 1909թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում դիտավորյալ չեն կախել օսմաններինը: Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները տեղադրել են Թուրքիայի դրոշը:

1500 մ վազքում, 50 մարզիկների պայքարում Մկրյանը զբաղեցրել է 5-րդը: Իսկ Փափազյանի մասին ՀԱՕԿ-ը ներկայացրել է նրա թոռան պատմածը.

«Պապիկը բազմիցս պատմել է, որ վերջնագծի մատույցներում ինքը գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը և նվաճել չեմպիոնի կոչումը: Բայց գնահատելով այն հանգամանքը, որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը, նա միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար հայտնվել ետնապահների թվում»:

Հայ մարզիկների լավ մասնակցությունից հետո թուրքական մամուլում հոդվածներ էին հրապարակվում, որտեղ ասվում էր, որ  եթե հայերը հաջող են ելույթ ունենում, նշանակում է, որ նրանք ֆիզիկապես ուժեղ են թուրքերից։ Այս ու նման հրապարակումները ավելի էին խորացնում ատելությունն ու նախանձը հայերի նկատմամբ, ինչը ավելի էր խորացնում բռնությունը: