«Թաքցված խաչ»․Ի՞նչի մասին է խոսքը

«Թաքցված խաչ» վավերագրական ֆիլմ է, որը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրամվաների ու իրենց սերունդների պատմած պատմությունների վրա:

«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմություններ են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:

«Թաքցված խաչ»-ի նկարահանումներն ավարտվել են, սակայն դեռևս պետք է կատարվեն մոնտաժային ու ձայնային աշխատանքները, ինչպես նաև ֆիլմի համար պետք է երաժշտություն գրվի: Այս բոլոր աշխատանքները ավարտին հասցնելու համար համացանցում աջակցության արշավ է նախաձեռնվել: Նշվում է, որ ֆիլմի երաժշտությունը ձայնագրվելու է Հայաստանում:

Շրջանի բազմաթիվ ընտանիքներ գիտեն իրենց նախկին ինքնության մասին և այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարում: Բայց պաշտոնական մակարդակով անցյալի կյանքի և մշակույթի վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվում: