«Պատերազմը իր ծննդյան օրով սկսվել է, իր մահանալով՝ ավարտվել». 19-ամյա հերոս Դավիթ Դանիելյանի պատմությունը

«Պատերազմը իր ծննդյան օրով սկսվել է, իր մահանալով՝ ավարտվել։ 44 օր պայքարեց, վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին զոհվեց»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է Քրիստինա Գրիգորյանը, որի որդին՝ 19-ամյա Դավիթ Դանիելյանը, զոհվել է Մարտունիում արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Մայրն ասում է, որ որդու հետ ամեն օր կապի մեջ է եղել: Դավիթը, լինելով թեժ կետերում, միշտ ընտանիքին ասել է, որ ամեն ինչ լավ է, հանգիստ է։

davit ev mayr

Դավիթի ընկերները Քրիստինային պատմել են, որ մինչև նոյեմբերի 9-ը Դավիթը քանիցս փրկվել է վտանգավոր իրավիճակներում, փրկել նաև ուրիշների կյանքը, սակայն նոյեմբերի 9-ը ճակատագրական է դառնում։

«Ընկերներն ասում են՝ ամսի 6-ին քանի անգամ մահվան ձեռքից պրծել ա, ասում են՝ երկու քայլ ա արել, ռումբն ընկել ա, շշմած նայում էինք՝ էդքան փրկվեց, փրկվեց, հենց վերջին օրով․․․ վեց ընկերով՝ հինգ զինծառայող, մեկ կամավոր, ոտքով գնացել են հացի, կամիկաձեն ա խփել»,- կսկիծով ասում է մայրը։

Քրիստինան ասում է, որ դեպքի օրը իր ինքնազգացողությունը վատացել է, զգացել է, որ կորցրել է որդուն։

«Ես շատ վատ եմ եղել։ Ես նստած էի, 44 օր քուն չունեի, կրեսլոյին նստած, աչքս կպավ: Հոգին տալու ժամանակ երեխեն եկավ իմ մոտ, ես վեր թռա, ամուսինս էլ վեր թռավ։ Համարյա ժամը 5-ն էր, հենց էդ ժամին ա երեխես հոգին տվել, հետո իմացա, որ հենց էդ պահին են զոհվել։ Տենց բոլորս ենք զգացել, ես գտել եմ էդ տղաների մամաներին, սաղս վատացել ենք, մամա-պապա՝ սաղ զգացել ենք»,- ասում է Քրիստինան։

medal

Նոյեմբերի 10-ին Դանիելյանների ընտանիքը տեղեկանում է որդու զոհվելու մասին։ 

«Էդ պահից սկսված անջատված մարդ էի, անզգա, բան չէի զգում, ի վերուստ ինձ ուժ եկավ՝ Աստվա՞ծ տվեց, տղե՞ս տվեց՝ չգիտեմ։ Ես ոնց որ կողմնակի մարդ  լինեի, ասում էի՝ վա՜յ, աղջիկներս մեղք են, վա՜յ, ամուսինս մեղք ա։ Բոլորին խղճալով՝ ոնց որ ես կողքից մարդ լինեի, չէի հավատում ոչ մի բանի։ Հետո նոր զգում եմ, որ կարոտը խեղդում ա, ու կյանքն էլ էն չի: Ուղղակի աղջիկներիս խաթեր, չեմ ուզում երեխեքը կոտրվեն»։

Դավիթ Դանիելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։