«Մենք անմահ ենք, մամ ջան». 20-ամյա հերոս Գարիկ Կիզիրանցը զոհվեց հրադադարից մեկ օր առաջ

Պատերազմի ավարտից մեկ տարի է անցել, սակայն տիկին Լուսինեն դեռ չի համակերպվում որդու կորստի հետ:

20-ամյա Գարիկ Կիզիրանցը 2019 թվականի հուլիսի 15-ին էր զորակոչվել ժամկետային զինծառայության: 6 ամիս ծառայել էր Լուսակերտում, դեկտեմբերին սերժանտի կոչում ստանալուց հետո ծառայությունը շարունակել էր Արցախում։

yntaniq

Բնավորությամբ ըմբոստ, արդարամիտ, սակայն զինվորական կյանքի հանդեպ սեր չունեցող Գարիկն Արցախյան 44-օրյա պատերազմում հազարավոր հայորդների նման իր պայքարը մղեց հանուն հայրենիքի ու ընտանիքի: Մայրիկի խոսքով՝ տղան այդ օրերին շատ էր փոխվել, ասում է՝ Գարիկն իրեն այլ վայրերում էր տեսնում, բայց ոչ բանակում: Սակայն ո՞վ կմտածեր, որ ռազմի դաշտում տղան թշնամու դեմ պայքարի մեջ մտնողներից առաջին է լինելու:

Գարիկը պատերազմի առաջին օրվանից սկսած՝ եղել է ամենաթեժ կետերում։ 20-ամյա զինվորն իրեն վստահված հրետանուց արձակել է շուրջ 2500 արկ։ 43 օր գիշերուզօր կռվել է՝ ոչնչացնելով բազմաթիվ զինտեխնիկա և կենդանի ուժ։ Մայրիկի հավաստմամբ՝ այդ ընթացքում Գարկը երբեք չի հուսահատվել, այլ մարտական բարձր տրամադրությամբ միշտ ոգևորել է զինվորներին, ասել՝ «անպայման բոլորով տուն ենք գնալու»։

Որդու հետ ունեցած զրույցներից մայրը նոյեմբերի 6-ին ունեցած զրույցը չի կարողանում երբեք մոռանալ: Որդին ընտանիքի անդամներին ասել է. «Մի վախեցեք, մենք անմահ ենք, մեզ բան չի լինի: Թշնամին է փախչում մեզանից, մենք ինչո՞ւ պետք է փախչենք»:

Ամենաանհանգստացնող զանգը եղել է նոյեմբերի 8-ին. Գարիկն այդ օրը զանգահարել է ընտանիքի բոլոր անդամներին:

garik kizirants

«Առավոտյան ինձ էր զանգել, խոսեցինք, բայց ավելի շատ անհանգստացա: 43 օրերի ընթացքում տագնապ չեմ ունեցել երբեք, այդ զանգից շատ անհանգիստ վիճակում էի. կանխազգում էի երևի: Ծանրոց էինք ուղարկել, զանգել էր, որ շնորհակալություն հայտներ, ասաց՝ երեկոյան կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց: Ինչ հեռախոսահամար գիտեինք իր ընկերների, զանգեցինք, բայց ոչ մի պատասխան չկար: Մահվան լուրն իմացանք նոյեմբերի 10-ին»,- պատմում է մայրը՝ Լուսինե Մարությանը:

Հրադադարից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, կատաղի մարտերի ժամանակ թաքստոցի հրաման տալով իր զինակից ընկերներին՝ Գարիկը, երբ հրանոթից կրակելիս է եղել, նրան թիրախավորել է թշնամին: Նա զոհվել է Մարտակերտում՝ Գիշի գյուղում: