Ականներ պատրաստող արկածախնդիրը, ով պայքարեց մինչև վերջին կաթիլ արյունը

Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում: Վուրգը առաջիններից էր, որ Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեն։ 1989 թվականին Վուրգի մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի տղաների ուժերով, քարտաշ-վարպետների ջանքերով Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ ապրիլի 24-ին կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարեդարձը խորհրդանշող հուշարձանը։

Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով միացել է պայքարին: Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։

1990թ. հուլիսի 12-ին Մինքենդի սահմանագծում ադրբեջանցիները դարձյալ խախտել էին սահմանը. երկու ժամ տևած փոխհրաձգությունից հետո հանկարծ օդում հայտնվում է 7 ուղղաթիռ։ Սպառազինված ռուս զինվորները շրջապետելով՝ պահանջում են զինաթափվել ու հանձնվել։

Կամավորականները, շրջան կազմելով ու նռնակները պատրաստ պահած, սկսում են բարձրաձայն երգել։

Տղերքի համարձակությունից շփոթված՝ ռուս սպան փոխում է վճիռը՝ զենքերը հանձնելու պայմանով։ Վուրգի հրամանով մեծ քանակությամբ զենք հաջողվում է թաքցնել, իսկ որոշ մասը հարկադրված հանձնում են։

Վուրգի պրպտող միտքը մի նոր փայլատակում է տալիս։ Նա ձեռնամուխ է լինում ֆուգասային տիպի ականների պատրաստմանը, որոնք ծննդյան 50-ամյակի առթիվ անվանում է Վ-50։

1993թ. մարտի 31-ը դարձավ Վուրգի կյանքի վերջին օրը։ Վերջինը, որի ընթացքում ակնհայտ է դառնալու երեսունմեկ քաջերի շրջապատման մեջ մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու վճռականությունը։

Ընկնում էին զինակիցները, զոհվում, վիրավոր հրամանատարն ինքն էլ արյունաքամ էր լինում, բայց էլի կարգադրում է, որ իրեն այնպես պառկեցնեն, որ շարունակի մարտը ղեկավարել… Օգնության եկած զինակիցները ականատես են լինում սահմռկեցուցիչ տեսարանի. արյունարբու ոսոխը պղծել էր դիակները, դաժան խոշտանգումների ենթարկել զոհվածների մարմինները, կոտրել Վուրգի թեւերն ու ոտքերը…

Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վակունիս գյուղը, որտեղ 1993 թվականին զոհվել է ազատագրական պատերազմի հերոսը: 2012 թվականին Սիսիանում տեղադրվել է Վուրգի հուշարձանը