Հերոս Հարություն Ավետիսյանը, ով ուսապարկում գինի էր պահում՝ հաղթանակը նշելու համար
20-ամյա Հարություն Ավետիսյանը ժամկետային զինծառայող էր և 3 ամիսց պատրաստվում էր զորացրվել, երբ սկսվեց պատերազմը: Նա զոհվեց Հադրութի պաշտպանության ժամանակ՝ դիպուկահարի կրակոցից:
Հարությունը հավատում էր հաղթանակին ու ուսապարկում միշտ գինի պահում՝ հաղթանակը նշելու համար:
46-ամյա Արմենուհի Փոստոյանը՝ Հարությունի մայրը ցավով պատմում է, որ որդին թեժ մարտերում է եղել, մինչդեռ մայրն անգամ կասկած չի ունեցել, քանի որ նա մշտապես ասել է՝ ամեն ինչ լավ է, իրենք ապահով տեղում են։
«Ամբողջ պատերազմի ընթացքում չի ասել, որ մարտի դաշտում ա, ասում էր՝ մա՛մ ջան, մի՛ անհանգստացի, մեզ մոտ նորմալ ա, ոչ մի բան չկա, ես էլ հավատում էի, ինքը ինձ երբեք չէր ստում, իմ հետ որ խոսում էր, ոչ մի կրակոցի ձայն չեմ լսել, որ անհանգստանամ»,- ասում է Արմենուհին ու հուզվում։
Մայրն ասում է՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան որդու հետ խոսել է, իսկ երեկոյան նա զոհվել է։ Մայրը խնդրում էր Աստծուց, որ որդին գերի ընկած չլինի, քանի որ տեսել էր, թե ինչպես են գերիներին վերաբերվում:
«Ամուսինս եկավ, ասեց՝ որ մեր տղան զոհվել ա։ Ասեց՝ քո ասածով եղավ, քո Հարությունը գերի չի ընկել, քո Հարությունը զոհվել ա»,- կսկիծով պատմում է մայրը: