Կոմանդոս, լեգենդար հայի պատմությունը

«Հաղթանակը հայի գենի մեջ է»։

Երբ փոքր էի, ինձ ասում էին` խելոք մնա, թե չէ թուրքը կգա, հիշում է Արկադի Տեր-Թադևոսյանն ու ասում, որ հիմա ժամանակները փոխվել են` ադրբեջանցին է երեխային վախեցնում ու ասում` հայը կգա, ականջներդ կքաշի։

Արկադի Տեր-Թադևոսյանի արմատները տանում են դեպի պատմական Կարս։ Նրա համար դա սրբավայր է։ Կոմանդոսի ընտանիքում միշտ պատմություններ են պատմել հայրենի հողի մասին, ու նա մեծացել է հայրենասիրական մթնոլորտում։ Արցախյան գոյամարտն իր սրբագրումներն է արել։

Նա պատմեց, որ Շուշին ազատագրելու համար հայկական կողմում կար 3000 զինվոր, իսկ ադրբեջանցիների թիվն այնտեղ 2500 էր։ Կոմանդոսն ասում է` զինվորական օրենքներով` մենք պետք է 3 անգամ ավելի լինեինք, որովհետև Շուշին բարձունքում էր, բայց այստեղ ավելի կարևոր ուժ կար, որ մոռացնել տվեց այդ օրենքները։

«Վազգեն Սարգսյանն ինձ հարցնում էր` հավատու՞մ ես, որ Շուշին կազատենք։ Ես վախենում էի պատասխանել, որովհետև ցանկությունը մի բան է, իսկ արդյունքը` այլ»,-հիշեց նա։

«Ես միշտ մտածել եմ` ով շատ է, նա էլ պետք է հաղթի։ Սակայն այդ տարիներին հասկացա, որ կարևորը մարտական ոգին ու գաղափարն է, որ ունեին մեր տղերքը։ Մեր զինվորներին մի քիչ էլ բան սովորեցնես, լրջագույն հաջողություններ կունենան»,- ասաց Կոմանդոսը։

Կոմանդոսը պատմել է նաև կնոջ` հեռավորության վրա անգամ նրա կողքին լինելու և խորհուրդներ տալու մասին։ Մի անգամ նա նամակ էր ուղարկել, որտեղ գրված էր Սուվորովի ռազմավարությունը պատերազմական տարիներին։

«Ինձ այդ նամակը փոխանցեց Զորի Բալայանը։ Ես կարդացի ու բարկացա` ասելով` ուրիշների կանայք գրում են, որ կարոտել են, իսկ նա ռազմական խորհուրդներ է տալիս։ Մեկ տարի անցավ, նոր հասկացա, թե դա ինչ էր»։

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։