Հայկական եկեղեցիները քիչ-քիչ վերանում են. Ինչու՞ է Սպիտակ խաչ վանքը հայտնվել ադրբեջանական քարոզչության թիրախում

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության» պետական ծառայությունը հայտնում է․

«Սպիտակ խաչ վանքը ադրբեջանական քարոզչության թիրախում

Նոյեմբերի 5-ին ադրբեջանական cbc.az-ի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների «ուխտագնացություն» Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք:

tesanyut

Համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»:

Հարցազրույցում Ռոբերտ Մոբիլին խոսելով այսպես ասած «վնասների մասին», որ իբր թե ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի» ժամանակ, նշում է թե իբր հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել հայկական գրեր և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով:

bak

Մինչև 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, Սպիտակ խաչ վանքը նախատեսված էր վերանորոգել ռուսաստանաբնակ հայ բարերար Սմբատ Աբրահամյանի միջոցներով:

Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, ամենավաղ արձանագրությունը թվագրվում է 14-րդ դարով, ավելի կոնկրետ 1333 թվականով: Ի դեպ վանքն ու շրջակայքը հարուստ են արձանագրություններով, և այդ արձանագրությունների մեջ խոսվում է վանքի հետագա վերանորոգումների մասին:

ardzanagrutyun

Ավանդության համաձայն Վանքի Սպիտակ խաչ անվանումը կապվում է Սուրբ Գրիգորիսի լանջական բյուրեղյա խաչի հետ: Նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո, այդ սրբությունները տեղափոխվել են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստացել է Սպիտակ խաչ անվանումը:

khachqar

Ըստ Սարգիս Ջալալյանցի, ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Եվ որ այն դարձել էր ուխտատեղի, բազում հայ ուխտավորների համար: Գյուղն էլ իր անունը Վանք՝ ստացել է Սպիտակ խաչ վանքից: