ՙՙԵկ, ի՜մ Յաննի՚՚. ողբերգական ու գեղեցիկ սիրո պատմությունը, որ հավերժ ընհատեց Ցեղասպանությունը

  • Ռուբեն Սևակ և Յաննի Ապել

1915 թվականին մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է ազդեցիկ ու հարուստ մի թուրքի աղջկա: Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, առաջարկում է 30-ամյա բժշկին ամուսնանալ իր աղջկա հետ և ընդունել մահմեդականություն՝ այդկերպ խուսափելով անխուսափելի մահից: Սակայն երիտասարդ գրողն ու բժիշկը չի համաձայնում՝ ասելով. «Հավատափոխությունը ազգադավություն է»: Այդ բժիշկը Ռուբեն Սևակն էր…

Յանիին և Ռուբեն ծանոթացնում է Ռուբենի մտերիմ ընկերը՝ եգիպտահայ Լևոն Ազնավուրյանը։ Յանիի ծնողներն իմանալով աղջկա սիրահարվածության և Ռուբենի հետ սիրային կապի մասին՝ նրան հետ են կանչում Գերմանիա: Բայց չեն կարողանում բաժանել սիրող ու այնքան ներդաշնակ զույգին: Ռուբենն ու Յաննին ամուսնանում են Փարիզում: Շուտով ծնվում է նրանց առաջնեկը՝ Լևոնը, իսկ երկու տարի անց՝ դուստրը՝ Շամիրամը:

Ռուբենն ուղղակի պաշտում էր գեղեցկուհի կնոջը: Յաննիին գրած նրա բոլոր նամակները մի յուօրինակ սիրո պատմություն են՝ նուրբ, հուզական և այնքան խորը:

«Եկ, իմ Յանիի, երջանիկ, երջանիկ կդարձնեմ քեզ: Ես գանձ գաղտնիքներ ունեմ կախարդական աշխարհից: Անծայրածիր բաներ: Հազար ու մի գիշերների երազներ: Քեզ կտամ այդ ամենը, իսկ ես միշտ էլ ավելի շատ կունենամ…»:

1910 թվականին լույս է տեսնում նրա «Կարմիր գիրք» բանաստեղծությունների ժողովածուն: Գրելով սոցիալական անարդարության, պայքարի ու ընդվզման թեմաներով՝ Սևակը առաջին հերթին առանձնանում է իր սիրային քնարերգությամբ: Նա սիրային բանաստեղծութունների մի ամբողջ շարք ունի:

«Եկուր ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի,
Ես, մեղապարտ անոթը Սուրբ համբույրիդ…
Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կդեգերի,
Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ:
Եկուր ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի…»:

Ռուբեն Սևակը ոչ միայն բասնաստեղծություններ էր գրում և զբաղվում էր բժշկությամբ, նա նաև հետաքրքրվում էր գեղանկարչությամբ: Էջմիածնի թանգարանում են պահվում Ռուբեն Սևակի մի քանի գծանկարներ, Վիկտոր Հյուգոյի և Բեթհովենի դիմանակարները:

1914 թվականին հակառակ կնոջ աղաչանքներին՝ Ռուբեն Սևակը վերադառնում է հայրենիք՝ չնայած որ չարագույժ լուրեր էին հասնում այնտեղից: Ինչպես և շատ մտավորականներ, նա էլ պատրաստակամ էր իր հայրենիքի փրկության գործում:

Հաջորդ տարի Սևակին Օսմանյան կայսրության բանակի բժիշկ են զորակոչում: Իսկ մի քանի ամիս անց նրան աքսորում են Չանղըրա, որտեղ և տեղի է ունենում հայտնի հարուստ մահմեդականի առաջարկությունը: 1915 թվականին հունիսի 17-ին Չանղըրայից նա գրում է Յաննիին.

«Շատ հանգիստ եմ: Մի մտահոգվեք ինձի համար: Շուտով արդարությունը կվերականգնվի, և մենք միասին կըլլանք…»

Սևակի կինն իր հերթին ամեն ինչ անում է, որ ազատի ամուսնուն բանտից: Նա խնդրում է օտարերկյա ընկերների օգնությունը, դիմում է բազմաթիվ բարձր ատյաններ ամուսնուն փրկելու համար, բայց ամենն ապարդյուն է լինում…

1915 թվականի օգոստոսի 26-ի հինգշաբթի առավոտյան 5 հոգի կառքով ուղարկվում են դեպի մեկ այլ աքսորավայր՝ Այաշ: Կառքում ուղևորներից 3 հայտնի բանաստեղծներ են՝ Դանելի Վարուժան, Սիամանթո և Ռուբեն Սևակ:

Ժամեր անց նրանք սպանվում են ամայի մի վայրում: Ասում են, որ թուրքերը սպանել են երիտասարդ Սևակին ամենավերջում: Նա տեսել է, թե ինչպես են մահանում իր աչքի առաջ հոգեկից ու գրչակից ընկերները…

Ասում են նաև, որ ամուսնու մահից հետո կինն արգելել է երեխաներին գերմաներեն խոսել և պահանջել է հետևել հայկական ավանդույթներին ու ծեսերին: