«Ասեց՝ արևս, քեզ ու տղուս լավ կնայես, առավոտյան կզանգեմ։ Մի տարի ա՝ սպասում եմ առավոտվա զանգին». 22-ամյա Գոհարը մինչև այսօր սպասում է ամուսնու՝ Մարտիկի վերադարձին

«Մի տարի 3 օր ա՝ սպասում եմ։ Ինչքան պետք ա՝ ես կսպասեմ իրան, մենակ թե ինքը գա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 22-ամյա Գոհար Հարությունյանը, որի ամուսինը՝ 24-ամյա Մարտիկ Սարգսյանը, պատերազմի դաշտ է մեկնել, և մինչ այսօր ընտանիքը որևէ լուր չունի նրանից։

Մարտիկ Սարգսյանը պայմանագրային զինծառայող է եղել, պատերազմի լուրն իմանալուն պես մեկնել է դիրքեր, սկզբում եղել է Հայաստանում, այնուհետև Ջրական է տեղափոխվել։ Արցախ մեկնելու մասին կնոջը չի ասել, Գոհարն ասում է՝ ամուսինը գիտեր, որ երեխայի էին սպասում, դրա համար էլ փորձել է չհայտնել․ «Մենք սպասում էինք մեր առաջնեկին, չի ասել՝ մտածելով երեխայի մասին, ու գիտեր, որ ես իմանամ՝ հաստատ չեմ թողի»։

gohar

Գոհարը պատմում է, որ հոկտեմբերի 15-ին ամուսինը վերադարձել է տուն, զորամասից Մարտիկին ասել են՝ տանը մնա, տղեդ շուտով ծնվելու ա, տղեդ ծնվի՝ կտեսնես, նոր կգաս. «Ինքն ասել ա՝ չէ՛, կգնամ, կկռվեմ, կհաղթենք, կգամ, իմ տղուն կտեսնեմ։ Ես չեմ թողնի, որ թշնամին հասնի իմ տուն, իմ ընտանիքին»։

Գոհարն ասում է, որ ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 18-ին՝ երեկոյան ժամը 10-ի մոտ: Ամուսինը խոստացել է առավոտյան զանգել, սակայն զանգն այդպես էլ չի հնչում արդեն մեկ տարի։

«Ասեց՝ արևս, քեզ ու տղուս լավ կնայես, առավոտյան կզանգեմ։ Մի տարի ա՝ սպասում եմ առավոտվա զանգին»,- ասում է կինը:

Հոկտեմբերի 21-ին ծնվել է Գոհարի և Մարտիկի որդին՝ Արեգը։ Տղայի անունը հենց Մարտիկն էր որոշել ու անհամբեր սպասում էր որդու ծնվելուն:

Մարտիկից լուր չստանալուց հետո ընտանիքը դիմել է Կարմիր խաչ, պաշտպանության նախարարություն, Ռուսաստանի դեսպանություն և այլ կազմակերպություններ, սակայն մինչ այսօր Մարտիկից որևէ լուր չկա։

«ԴՆԹ անալիզ էլ ենք հանձնել, ոչ մի նույնականացում չկա»,- նշում է Գոհարը։

Ընտանիքը միայն գիտի, որ դեպքը տեղի է ունեցել Իշխանաձորում, անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենային։ Մեքենայում գտնվող տղաներից մի քանիսը զոհվել են, մի քանիսը վիրավորվել, սակայն Մարտիկի մասին որևէ մեկը տեղեկություն չի հայտնում։

areg

«Իմացել ենք, որ իրանք շարժվելիս են եղել դեպի Ջրական։ Վիրավորվել են չորս հոգի, վիրավորները դեպքի մասին ոչինչ չեն կարողանում ասել, չեն հիշում, կոնտուզիա են ստացել։ Ամուսնուցս ոչ մի լուր չունենք»։

Գոհարն ասում է, որ մտածում է՝ ամուսինը գերի է, տեսանյութերից մեկում նմանեցրել է ամուսնուն, դիմել են Կարմիր խաչ, Կարմիր խաչն էլ՝ Ադրբեջան, սակայն «Ադրբեջանը չի հաստատում։ Բայց ես մտածում եմ, որ ինքն ա ու գալու ա, ես զգում եմ, որ իր գալը մոտ ա»,- նշում է կինը։

«Մենք շատ-շատ ենք իրար սիրում։ Հիմա ամենամեծ երազանքս ա, որ գա ու իրա տղուն տեսնի, չի տեսել, չգիտի՝ ինչ ձև ա, ում ա նման, ինչ գույնի աչքեր ունի,- հուզմունքով ասում է Գոհարը և ընդգծում,- քառօրյային մասնակցել ա ու հրաշքով փրկվել, էս մեկից էլ հրաշքով կփրկվի ու կգա։ Ես ասում եմ՝ թող ինքը վիրավոր լինի, ոտք չունենա, ձեռք չունենա, բայց գա ու լինի իմ, ընտանիքի ու իր տղու գլխին, ես ամեն ինչով իրան կպահեմ, հոգ կտանեմ իրա մասին, մենակ թե գա»։