«Խորհուրդ կտամ ոչնչից չվախենալ, ռիսկի դիմել: Համարձակությունը իմ հաջողության գաղտնիքն է». 41-ամյա Նանեի քաղցր բիզնեսի մասին արդեն բոլորն են խոսում

41-ամյա մեղրեցի Նանե Սարգսյանի մտքով երբևէ չէր անցել, որ սիրելի քաղաքի այցեքարտ համարվող մրգերի չրերից կարելի է կոնֆետներ պատրաստել։ Ծիրան, դեղձ, թուզ, արքայանարինջ…

Երևանից ժամանած թեյագործ հյուրը գաղափարը տվեց, երբ համտեսեց քաղցրահամ չրերը։ 

«Փորձնական առաջին արտադրանքը հաջող ստացվեց՝ ոգևորվեցի, որոշեցի գաղափարը բիզնեսի վերածել»,- ասում է Նանեն։ 

nane

Իհարկե, գաղափարը իրականացնելու համար խոչընդոտներ եղան՝ տարածք գտնելուց մինչր ֆինանսական ոչ բավարար միջոցներ: Բայց Նանեի խոսքով՝ ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա ցանկություն: Սկզբում աշխատեց տնային պայմաններում, իսկ հետո բարեկամներից մեկը իր տարածքը տվեց օգտագործելու:

Քաղցր բիզնեսի տիրուհին մոտ 5 տարի է՝ ինչ քաղցրահամ չրերից կոնֆետներ է պատրաստում։ 

«Ընտանիքս բազմանդամ է, բոլորս ներգրավվեցինք այդ աշխատանքում։ Ծանր գործը հայրիկս է կատարում, մնացածը շարունակում ենք մենք՝ ես, մայրիկս, քույրիկս և քրոջս աղջիկը։ Պատրաստում ենք հինգ տեսակի չրային կոնֆետներ»,- ներկայացնում է Նանե Սարգսյանը։ 

chir

Ֆինանսական ներդրումներ բիզնեսի երիտասարդ տիրուհին ինքնուրույն է կատարել։ Աջակցություն է ստացել՝ դիմելով տարբեր դրամաշնորհային ծրագրերի։ Նանեն նշում է, որ Մեղրիի արևահամ չրերից պատրաստված կոնֆետները վաճառվում են Հայաստանում՝ Երևանում և տարբեր մարզերում, ինչպես նաև արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և ԱՄԷ:

Ու թեև անցած 2020 թվականը վաճառքի տեսանկյունից բարեբեր չէր քաղցր բիզնեսի համար, Նանեն թևաթափ չի եղել։ 

arevachur

«Պատերազմի ընթացքում ոչինչ չնախաձեռնեցի։ Սպասում էինք մեր բոլորիս հաղթանակին, բայց ամեն ինչ շատ վատ ավարտ ունեցավ։ Փոքր քանակության վաճառքի գումարը ուղարկեցի հիմնադրամին, ինչպես նաև մեր համայնքից զոհված տղաների ընտանիքներին կարողացա փոքրիկ դրամական միջոցներով օգտակար լինել»,- ասում է նա։ 

Կոնֆետները սպառողին են հասցնում ինչպես կիլոգրամով վաճառելով, այնպես էլ՝ հատուկ տուփերում փաթեթավորելով։ Մեծաքանակ պատվերների դեպքում մի խումբ կանանց է ներգրավում աշխատանքում՝ ապահովելով նրանց զբաղվածությունը։ 

«Խորհուրդ կտամ ոչնչից չվախենալ, ռիսկի դիմել, ռիսկը կարևոր է։ Ես դա սեփական փորձից եմ ասում։ Միշտ ռիսկով առաջ եմ գնացել ու չեմ մտածել, որ կարող է վատ լինել։ Կարծում եմ՝ համարձակությունը իմ հաջողության գաղտնիքն է։ Ցանկանում եմ առաջատար լինել մեր տարածաշրջանում կոնֆետների բրենդով։ Նպատակս՝ ճանաչելի դառնալ աշխարհում։ Ինձ մոտիվացնում են ընտանիքիս անդամները, մենք ամեն ինչ միասին ենք անում»,- ասում է Նանեն։