Չարենցի ողբերգական սերը. ինչու՞ նա ստիպեց տեղափոխել սիրելիի գերեզմանը…
Չարենցը շատերով է հրապուրվել: Նրա անձնական կյանքը եղել է բուռն ու արկածային: Նրա սիրելի կանանց անուններից շատերը մեզ հայտնի են, սակայն նրանցից միայն մեկի անունն ու մահվան տարեթիվը Չարենցը դաջեց իր սրտի մոտ…
Չարենցը պաշտում էր կնոջը, սակայն…

Արփենիկը մահացավ 1927 թվականի հունվարին, երբ Չարենցը բանտարկված էր: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկին թաղում են Երևանի Մլերի գերեզմանատանը՝ դա ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է:
Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում է գտնվել: Արդեն գերեզմանի մոտ դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։
Պատմում են, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր, հավանաբար՝ Արփենիկին նվիրված բանաստեղծություններ։

- Մի սիրառատ ու սրտաճմլիկ պատմություն են պատմում այս մեծագույն սիրո մասին:
«Արփիկի մահից հետո անցել էր վեց ամիս։ Չարենցը գնացել էր քարհանքերն ու մի շաբաթ այնտեղ մնալուց հետո մի հսկայական քար էր փոխադրում սայլով՝ Արփենիկի մահարձանի համար։ Ճանապարհին սայլը շուռ էր եկել ու Չարենցի ոտքը վնասել։ Մեծ դժվարություններով նա քարը հասցրել էր գերեզմանատուն (ներկայիս Կոմիտասի անվան հանգստի պարկը), որտեղ և մշակման էր ենթարկվում՝ համաձայն Չարենցի ցանկությամբ կազմված նախագծի։ Արփիկին թաղել էին մի նեղ տեղ, ուր քար դնելու և ցանկապատ քաշելու հնարավորություն չկար։

Մեր ներկայությամբ սկսեցին փորել գերեզմանը։ Փորողը նիհար ու բարձրահասակ կին էր, հողագույն դեմքով գերեզմանատան պահակը:
Չարենցը կարգադրեց բանալ դագաղը։
Պահակը բարձրացրեց կափարիչն ու դրեց մի կողմ։
Խե՜ղճ Արփիկ․․․․ինչպես էր փոխվել․․․․
Չարենցը լուռ նայում էր, կարծես ուզում էր ըմբռնել, թե ի՞նչ եղավ Արփիկը։
-Տես, ի՜նչ է դառել,-ասաց Չարենցը վշտացած ու զարմացած։
Կափարիչը ծածկեցին։ Վերոհիշյալ կինը գրկեց դագաղն ու փոխադրեց նոր փոսը»։
«Ահա դեմը, պատին-Դանթեի
Սիլուետն է՝ Պետրարկան կողքին․-
Ելել են նրանք դժոխքից
Եվ մտել դրախտն այնտեղից․․․․
Դա Ջիոտտո կոչվող նկարչի
Հանճարեղ ֆրեսքի մի անկյունն է․-
Այսինքն՝ դրա կրկնությունը
Գունավոր, չքնաղ կատարած․․․․
Իսկ ներքևը-Լեոնարդո դա Վինչու
Թախծադեմ «Հիսուսն» է-կանացի,
Պատանու դեմքով «Հիսուսը»։-
Ես տեսնում եմ միշտ նրա ուսը,
Հենց որ աչքերս բացի․․․․
Իմ սենյակն է, իմ պատը հարազատ՝
Իմ սիրած «Հիսուսով», որ անչափ
Նմանում է Արփիկին,-մանավանդ
Երբ պառկած էր նա դագաղում․․․»։