Ո՞վ է Նովոռոսիսկի հիմնադիր հայ ծովակալը

Նովոռոսիսկ քաղաքի առափնյա փողոցը կոչվում է Լազար Սերեբրյակովի անունով ոչ միայն այն պատճառով, որ նա ծովակալ է, այլ որովհետև Սերեբրյակովը Նովոռոսիսկի հիմնադիրներից է։

Շատ տարիներ առաջ Ղրիմում  ծնվեց Ղազարոս Արծաթագործյանը, ով ազնվական տոհմից էր։ 18-ամյա Ղազարոսը որոշեց զբաղվել զինվորական գործով ու որպես կամավոր գնաց Սևծովյան նավատորմ։

Հենց այն ժամանակ էլ ազգանվան հետ կապված խնդիր առաջացավ. ռուսական բանակում նրա տոհմական ազգանունը դժվար էին արտասանում, ու նա երկաթե տրամաբանությամբ մոտեցավ հարցին՝ պարզապես ռուսերեն թարգմանեց ազգանունը։ Արծաթագործյանը դարձավ Սերեբրյակով, իսկ Ղազարոսը` Լազար։

Հարցը լուծված էր, հիմա կարելի էր ռազմական կարիերայով զբաղվել։, Ղազարը ռուս-թուրքական պատերազմ գնաց կապիտան-լեյտենանտի կոչումով, նրան նշանակեցին Ծովային գլխավոր շտաբի պետ։

1828 թվականին, երբ բուն պատերազմը սկսվեց, Լազար Սերեբրյակովն արդեն լավ կրթված սպա էր, ով տիրապետում էր մի քանի արևելյան լեզուների։ Ի դեպ, նա իր կոչումը ստացավ փոխծովակալ Ալեքսեյ Գրեյգի նավախմբի կազմում Անապայի գրավմանը մասնակցելու համար։

Սերեբրյակովի անունը հավերժ գրվել է Նովոռոսիսկի պատմության մեջ. նրա օրոք գրեթե տասը տարվա ընթացքում ամրացված ռազմական ճամբարը վերածվել է իսկական քաղաքի` հոսպիտալներով, գրադարանով, հատուկ անվճար դպրոցով։

Հետաքրքրական է ռուսաստանցի գեներալ Ֆիլիպսոնի կարծիքը։ Գեներալն ամենևին էլ լավ տրամադրված չէր Սերեբրյակովի նկատմամբ։ Նա անհաշտելի ընդդիմության մեջ էր Կովկասի փոխարքա իշխան Վորոնցովի նկատմամբ, որը ողջունում էր Սերեբրյակովի նախաձեռնությունները։

Ֆիլիպսոնը Սերեբրյակովի մասին ասում էր. «Լազար Մարկի Սերեբրյակովը շատ նշանավոր անձնավորություն էր։ Սերեբրյակովը հասցրել է հաճոյանալ իշխան Մենշիկովին, որն, ինչպես ասում են, երբեմն նրան բավականին կեղտոտ հանձնարարություններ էր տալիս։ Սերեբրյակովը բավականին ճարպիկ մտավոր կարողությունների տեր մարդ էր, ասիական խորամանկություն ուներ, հակված էր ռազմական գործին ու ճկուն խիղճ ուներ… 1837 թվականին Սերեբրյակովին ուղարկեցին Վելյամինովի մոտ, որը գնահատում էր աշխատունակությունն ու ողջախոհությունը»։

Բնութագիրը թեև այդքան էլ գովասանական չէ, բայց լի է մրցակցի նկատմամբ հարգանքով։

1861 թվականին 69-ամյա Լազար Սերեբրյակովը մեկնեց իր ղրիմյան կալվածք։ Այստեղ դժբախտ պատահարը ողբերգական ավարտ ունեցավ. ձիերի կառքը սարից անհաջող իջավ, ու Սերեբրյակովը վնասեց ոտքը, որից հետո արդեն չէր կարողանում քայլել։ Իսկ Պետերբուրգ գալուց հետո նա սաստիկ մրսեց ու 1862 թվականին մահացավ։ Ծովակալին թաղեցին Կարասուբազարում գտնվող ընտանեկան փոքր դամբարանում։

Իսկ 1955 թվականին մեկ այլ հայ ծովակալ Հովհաննես Իսակովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի հրամանատարությունը Սերեբրյակովի աճյունը տեղափոխեց Սևաստոպոլի Եղբայրական գերեզմանի հյուսիսային հատված։ Գերեզմանաքարի վրա գրված է. «Ծովակալ Լազար Մարկովիչ, 3.III.1792 — 1862.II.28. Նովոռոսիսկ քաղաքի ու նավատորմի հիմնադիր, որը 1853-1856 թվականների պատերազմին ղեկավարել է Ծովափնյա Կովկասյան պաշտպանության գիծը»։