Ղուկասը վազել է, որ ընկերոջը օգնի ու զոհվել է ականանետից արձակված արկի բեկորից. Ծանոթացեք հերոսի պատմությանը

Հոկտեմբերի 21-ին Ղուկաս Պողոսյանը կդառնար 31 տարեկան: Ղուկասը ընտանիքի առաջնեկն էր ու շատ սիրված էր բոլորի կողմից: Ղուկասի քույրը՝ 21-ամյա Հերմինե Պողոսյանը, ասում է, որ Ղուկասին կորցնելով իրենք իրենց կորցրին, նրանք այլևս չեն ապրում:

Ղուկաս Պողոսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պատերազմի առաջին իսկ օրից Ղուկասը առաջնագծում էր փոքր եղբոր հետ։ Քույրն ասում է, որ Ղուկասը փոքր եղբորը հաճախ էր հորդորում զգույշ լինել, բայց ինքը չխնայեց իր կյանքը ընկերոջը օգնության հասնելիս։

31

Պատերազմի օրերին Ղուկասը ամենաթեժ մարտերում է կռիվ տվել: Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ի երեկոյան, հաջորդ օրվանից էլ չի զանգել: Փորձել է օգնել զինակից ընկերոջը, վազել է, որ օգնի ու զոհվել է ականանետից արձակված արկի բեկորից:

Հերմինեն ասում է՝ հոկտեմբերի 9-ին տեղեկացել են ողբերգական դեպքի մասին, հայրն ընկերների հետ ճանապարհ էր ընկել զինվորներին սնունդ ու հագուստ փոխանցելու, ճանապարհին իմացել է դեպքի մասին։

«Հայրս եկավ, ասեց, չէինք հավատում՝ մինչև իրան բերելը։ Ես անընդհատ զանգում էի Ղուկասի համարին, բոլորին ասում էի՝ սուտ ա, հեսա զանգելու եմ, Ղուկասը վերցնի։ Իրանից չէր, ինքն էնքան ուժեղ էր․․․»- հուզմունքով ասում է Հերմինեն։

Ասում է՝ եղբայրը միշտ հուսադրում էր, որ ամեն ինչ լավ է, ընտանիքի մտքով չէր անցնի, որ Ղուկասի հետ նման դեպք կպատահի։

quyr

Ղուկաս Պողոսյանը պայմանագրային զինծառայող էր: Քրոջ խոսքով՝ եղբայրը փոքր հասակից զինվորական ծառայության հանդեպ հետաքրքրություն ուներ, հայրը ևս պայմանագրային զինծառայող էր, Ղուկասը ամառային արձակուրդներին հոր հետ գնում էր դիրքեր, զենքերի հանդեպ սեր ուներ։

Ղուկասը շատ հոգատար էր, բարի ու ուշադիր՝ նշում է քույրը։ Հերմինեն ասում է, որ հոկտեմբերի 9-ից հետո ընտանիքի կյանքը 180 աստիճանով շրջվել է, որևէ կերպ եղբոր կորստի հետ համակերպվել չեն կարողանում:

«Բոլորիս համար ինքն ամենալավն էր։ Հոկտեմբերի 9-ից ուղղակի ապրում ենք, բայց լիարժեք չենք։ Հիմա ես հրաշքի եմ սպասում ու հավատում, որ Աստված ախպորս հետ բերի, բոլոր տղաները անմեղ զոհվեցին»,- ասում է 21-ամյա Հերմինեն ու կրկին հուզվում։