Գիտե՞ք՝ նախկինում ինչպես էր կոչվում Գեղարդ վանքը և ինչն էր այդպես կոչելու պատճառը

Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան կողմում՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին է գտնվում Գեղարդավանքը։

Այն հայկական միջնադարյան խոշոր համալիրներից մեկն է՝ հռչակավոր իր ինքնատիպ ու եկեղեցաշինության մեջ եզակի ճարտարապետական հորինվածքով՝ մի մեծ ժայռի մեջ փորված երկու վիմափոր եկեղեցիներով, գավիթով, մեծ ժամատուն-դամբարանով, խցերով ու մատուռներով, որոնք հարավային կողմում ներդաշնակորեն միանալով մեկ ուրիշ գավթի ու եկեղեցու, կազմում են պաշտամունքային մի համալիր՝ բնավ չզիջելով աշխարհի նմանօրինակ մյուս կառույցներին։

Համաձայն  լեգենդի`  մի  ազնվատոհմիկ  ընտանիքից քույր և եղբայր որոշում են թողնել աշխարհիկ կյանքը և այս ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը` նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց: Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին: Նրանք քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև կյանքի վերջ հավատով ապրում և ծառայում են տաճարին:

Ի սկզբանե կոչվել է Այրիվանք՝ միաբանների ձեռքով փորված բնական այրերն իբրև ճգնարաններ օգտագործելու պատճառով:

Շրջակայքում գտնվել են այդպիսի շուրջ  140 այր, որ ընդամենը մի մասն է բազում ճգնարանների, որոնք դարերի ընթացքում փլուզվել են՝ փխրուն նստվածքային ապարների մեջ փորված լինելու պատճառով:

13-րդ դարից սկսած՝ Այրիվանքը մատենագրության մեջ և բանավոր խոսքում աստիճանաբար վերանվանվել է Գեղարդավանք՝ ի պատիվ նույն դարից այստեղ պահվող Հայաստանյայց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկի: