«Վերևներում» պիտանի հայը

Մեծ Հայրենականի ժամանակ աչքի ընկած հայ անվանի մարշալների շարքում Սերգեյ Աղանովը (Օհանյան) մարտնչել է պատերազմի առաջին օրերից, միայն թե այդ տարիներին նա շատ երիտասարդ էր, և ռազմական կոչման աստիճաններով սկսեց բարձրանալ պատերազմից հետո։

Սերգեյ Քրիստոփորի Աղանովի պապը Արցախից տեղափոխվել էր Աստրախան, որտեղ էլ ծնվել է թոռը։ Դպրոցն ավարտելուց հետո Սերգեյը Մոսկվա է մեկնել։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմաինժեներական ուսումնարանը։

Այն ժամանակ սկսվեց ԽՍՀՄ-ի ու Ֆինլանդիայի միջև մինչ օրս առեղծվածային պատերազմը, որը լավ ուսումնասիրված չէ։ Աղանովն այդ  ժամանակ սակրավորների վաշտի հրամանատարն էր, հետո նշանակվեց Լենինգրադի ռազմական շրջանի կրտսեր հրամանատար-սակրավորների դպրոցի պետ։ Աղանովի անցած բոլոր ռազմական գործողությունները ծավալվել են Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատներում։

Պատերազմից հետո Աղանովը չվերադարձավ սովորական կյանքին։ Նրա աշխատավայրը ինժեներական զորքերի շտաբն էր դարձել, սակայն ծառայության առաջխաղացման համար պետք էր խորացնել կրթությունը։ 1950 թվականին Աղանովն ավարտեց Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Հետո ծառայեց Գերմանիայում խորհրդային զորքերի խմբում։

Այնպես չէ, որ Աղանովը «հոգնել» էր բանակում ծառայելուց, պարզապես նրա փորձն ու գիտելիքները «վերևներում» օգտակար համարեցին։ Որոշ ժամանակ նա դասավանդում էր Գլխավոր շտաբի ակադեմիայում։ Հետո դարձավ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի ինժեներական զորքերի պետ, Վ.Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայի պետ, և վերջապես ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության ինժեներական զորքերի պետ։ 1980 թվականի մայիսին նա արժանացավ ինժեներական զորքերի մարշալի կոչման։

Դժվար է գերագնահատել Սերգեյ Աղանովի ներդրումը Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, մշակման ու իրականացման գործում։ Ահա այստեղ նրան պետք եկան նրա գործնական ու տեսական գիտելիքները, ինժեներական ունակությունները ու արտակարգ իրավիճակներում վայրկենական կողմնորոշվելու ունակությունը։ Դրանից հետո 1987 թվականին նրան ներառեցին ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Գլխավոր տեսուչների խմբում։

1992 թվականին մարշալ Աղանովը պաշտոնաթող եղավ։ Իսկ 2017 թվականին Հայաստանում նամականիշ տպվեց` նվիրված ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Աղանովի ծննդյան հարյուրամյակին։