Տեսեք, թե մասնագիտությամբ մետաղագործ Ռոմանը ինչ բիզնես է սկսել. Փաստորեն, այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մասնագիտությամբ մետաղագործ Ռոման Մարտիրոսյանը մոտ 3 տարի առաջ Ռուսաստանից վերադարձավ Արծվանիկ գյուղ և որոշեց պապական տան տնամերձ այգու փոքր տարածքում ջերմոցային տնտեսություն հիմնել։ Սակայն որոշեց Արծվանիկում ավանդական մշակաբույսերի հետ գլուխ չդնել, այլ Կապանին ոչ բնորոշ հատապտուղ աճեցնել՝ ելակ։ 

Ասում է՝ Արծվանիկում ունեցած հողատարածքը փոքր էր, և մինչև վերադառնալը հետաքրքրվել էր և պարզել, որ նման տարածքում ամենաարդյունավետ մշակաբույսը ելակն է՝ մի քանի շարք-հարկերով հնարավոր է աճեցնել, եկամտաբեր է և սպառման խնդիր չի ունենում։ 

roman martirosyan

«Երբ եկա և սկսեցի գաղափարս իրագործել, հարազատներս, բարեկամներս, ծանոթներս զարմացան։ Ասում էին՝ մետաղագործը՝ ուր, ելակ աճեցնելը՝ ուր։ Բայց որոշեցի ու արեցի»,- ասում է նա։

«Փորձնական արված ծրագիր էր, ցանկանում էի տեսնել` ինձ մոտ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ: Առաջին տարին անփորձության պատճառով անհաջողություններ ունեցա, տարատեսակ հիվանդություններ գլուխ բարձրացրին, որոնց դեմն առնելու միջոցները չգիտեի։ Աստիճանաբար սովորեցի, ինչն էլ դարձավ հաջորդ տարվա հաջողության երաշխիքը»:

elak

Երեք տեսակի ելակ է աճեցնում իր ջերմոցում Ռոմանը՝ «Ալբիոն», «Մալգա» և «Պորտոլ»:

«Տարբեր տեսակներ բերեցի, տեսնեմ՝ ո՛րն ա իրեն արդարացնում մեր տարածաշրջանում: «Մալգան» նուրբ տեսակ ա և շատ բերք է տալիս, բայց ձմռանը ցրտադիմացկուն չի, համարյա բերք չի տալիս: «Ալբիոնը» ցրտադիմացկուն ա, խոնավասեր, «Պորտոլը» դիմացկուն ա»: 

Ռոմանը ասում է, որ ելակի սպառման խնդիր չկա: Արծվանիկում աճեցված ելակը դեռ Կապանից դուրս չի եկել: Հազիվ տեղի մեկ-երկու խանութի է կարողանում բավարարել: Ինքը որակի, այլ ոչ թե քանակի վրա է աշխատում:

elak

Հեռանկարային ծրագրերում կան թե՛ տարածքի ընդլայնում, թե՛ արտադրության զարգացում: Բայց, ինչպես ասում են`ամեն ինչ հերթով, շարքով, կարգով: 

Ռոման Մարտիրոսյանը, որը Արծվանիկում նոր տեխնոլոգիաներով հիմնած առաջին ջերմոցային տնտեսությունն է ստեղծել, ասում է, որ հատուկ հաշվարկներ չի կատարել, երբ սկսել է։ 3 տարի նախաձեռնությունից անց ասում է՝ լավ եկամուտ և ցանկալի արդյունք ստանալու համար պետք է ջերմոցը մեծ տարածքում կառուցեր։