Ինչու՞ Գարիկ-Սոնա բենդը իրենց առաջին համերգը նվիրեց Արթուրին. Կարդացեք 19-ամյա հերոսի պատմությունը

Ժամկետային զինծառայող 19-ամյա Արթուր Գրիգորյանը 34 օր հակառակորդի դեմ պայքարելուց հետո զոհվել է պատերազմի ընթացքում։

«Հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ժամը 4-ին նստել են մեքենան, որ տեղափոխվեն Մարտունիից Ստեփանակերտ, ԱԹՍ-ի հարվածից զոհվել են»,- ասում է Արթուրի մայրը՝ 43-ամյա Կարինե Գրիգորյանը։

artur vahe

Մինչ այդ Արթուրը հակառակորդի դեմ կռվել է Ջրականում, Հադրութում, Կարմիր Շուկայում։ Մայրը պատմում է, որ հոկտեմբերի 27-ին որդին զանգել է և ասել, որ ապահով տեղում են, վտանգ չկա, տեղափոխվել են Մարտունի 2։ Ամսի 30-ից որդին այլևս չզանգեց:

Զանգ չստանալով՝ մայրն սկսել է անհանգստանալ, բայց շատերը հանգստացնում էին, որ տղաները անտառներ են փախել, կապ չկա, դրա համար չեն զանգում․ «Ասում էին՝ մի՛ վախեցեք, բայց ես ասեցի՝ չէ՛, երեխես կզանգեր, աշխարհն էլ շուռ կտար, կզանգեր, գիտեր ինչ վիճակում եմ… Մի քանի օր փնտրեցինք, ամսի 3-ին արդեն գտանք»։

Կարինեն ասում է նոյեմբերի 3-ին որդու ընկերոջ մայրը հրավիրել էր իրենց տուն, երեկոյան վերադառնալիս տեսնում է, որ բարեկամները հավաքվել են տանը։

«Բոլորն արդեն գիտեին, ինձ չէին ասում, ես իմ սենյակից դուրս չէի գալիս, հորաքույրս եկավ, մտավ սենյակ, սկզբում ասեց՝ վա՜յ, Արթուրս վիրավոր ա, ես արդեն լավ չէի գիտակցում, մեկ էլ ինձ գրկեց, ասեց՝ դու շատ պուճուր էիր էդ ցավի համար, ու էդ օրն արդեն էլ բան չեմ հիշում»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրն ու նշում, որ նույն օրը նույն մեքենայում տղայի հետ զոհվել է նաև իր ընկերը՝ Վահեն։

artur grigoryan

Կարինեն ասում է, որ դեպքից հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ, հոգեբանի այցելություններն են օգնել։ Նշում է՝ շարունակում է ապրել, բայց ամեն ինչ կիսատ է թվում։

Մոր խոսքով՝ Արթուրը շատ զուսպ ու բարի էր, շատ էր սիրում կատակներ անել, նայում էր բոլոր հումորային հաղորդումները ու նմանակումներ անում։ Պատմում է, որ որդին չէր սիրում սովորել, բայց ծնողական ժողովների ժամանակ որդու մասին միշտ գովասանքի խոսքեր էին ասում, բոլոր ուսուցիչները նշում էին, որ Արթուրը լավ ու բարի մարդ է։ «Մինչև հիմա իր դասղեկի խոսքերն եմ հիշում, ասում էր՝ մեծատառով մարդ ա ինքը, զարմանում ենք, որ էս դարում սենց տղա դուրս կգա»։

Արթուրն ուզում էր ծառայությունն ավարտեր, վերադառնար, մեդիա դպրոց ընդունվեր և օպերատորություն սովորեր։ Մայրն ասում է, որդին սիրում էր երաժշտություն՝ հատկապես Գարիկ Պապոյանի ու Սոնա Ռուբենյանի երգերը։ Մշտապես լսում էր ու ընտանիքի անդամների հետ հաճախ գնում նրանց համերգներին։

«Արթուրը մոլի երկրպագու էր։ Գարիկը իրեն տոմսեր էլ էր նվիրում, պատերազմից հետո մեջս մի բան արթնացավ, գրեցի Գարիկին, արձագանքեց, շատ շնորհակալ եմ, պատմեցի, ինքը ասեց՝ խոսք եմ տալիս, որ առաջին համերգը իրեն եմ նվիրելու, էդպես էլ արեց։

mayr

Պատերազմից հետո Գարիկն ու Սոնան, որ առաջին համերգը տվեցին, նվիրեցին իմ Արթուրին։ Ես ամեն ինչ ուզում էի անեի, որ տղես լավ զգար, հանգիստ զգար»,- հուզմունքով ասում է մայրը։

Մայրն ասում է՝ կարոտը խեղդում է, ամեն վայրկյան հիշում է որդու հետ կապված ամեն մի դրվագ։

«Շատ եմ նեղվում, լացում, հատկապես հիշում եմ վերջին զանգը, որ միասին դուրս էինք եկել հագուստ առնելու։ Շատ եմ երազումս տեսնում, միշտ ուրախ եմ տեսնում իրեն, ինձ միշտ ասում ա՝ ես լավ եմ, դու մի լացի, էդպես հավատում եմ…»- ասում է մայրը։