Ինչպե՞ս երևանցի Սերգեյը գլխավորեց ՌԴ լավագույն նավատորմը

Հայաստանը ծով չունենալով աշխարհին հիանալի ծովայինների է տվել։ Խոսքը ոչ թե անցյալի մասին է, այլ սա հայ նավաստու պատմությունն է, որն այսօր Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարն է։

Ծովակալներ Սերեբրյակով-Արծաթագործյանի, Իսակովի և մյուսների ավանդույթների շարունակողը Սերգեյ Ավագյանցն է` Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարը։

 2017թ.-ի տվյալներով` խաղաղօվկիանոսյան նավատորմն իր բարձր մարտական պատրաստվածությամբ  Ռուսաստանում լավագույնն է ճանաչվել։ 35 անվանակարգերում, որոնցում անցկացվել են մրցումները ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի մրցանակի համար, խաղաղօվկիանոսյան նավատորմը 15 հաղթանակ է տարել։

Այսօր խաղաղօվկիանոսյան նավատորմը բաղկացած է ծովային հակասուզանավային և կործանիչ ավիացիայից, ցամաքային և առափնյա զորքերից։

Երևանում ծնված ծովակալ Ավագյանցը, որն անցած տարի նշել է իր 60-ամյա հոբելյանը, տոհմիկ նավաստի է։ Նրա հայրը` Իոսիֆ Ավագյանցը, եղել է ռազմածովային ուժերի սպա։ Սերգեյ Ավագյանցը ծովակալի կոչմանը հասել է երկար տարիների ուսման և փորձառության շնորհիվ։ Նա ավարտել է Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, ՌԾՈՒ բարձրագույն հատուկ սպայական դասընթացները, ծովակալ Կուզնեցովի անվան Ռազմածովային ակադեմիան և ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

2012թ.-ի մայիսին Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` փոխծովակալ Սերգեյ Ավագյանցը նշանակվել է խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար։ Եվս երկու տարի անց նա դարձել է ծովակալ։

Դեռ խորհրդային տարիներին Սերգեյ Ավագյանցն արժանացել է «Հայրենիքին ծառայության համար» շքանշանի։ 1996թ.-ին նրան «Մարտական վաստակի համար» շքանշան է շնորհվել։ 2010թ.-ին նման պարգև է ստացել, բայց այս անգամ «Ծովային վաստակի համար»։ 2002թ.-ին Ավագյանցը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։