Մի զարմանահրաշ պատմություն ՄԵԾ ԼԵԳԵՆԴԻ կյանքից
Բոլորս էլ հիշում ենք լեգենդար ՙՙՄեր մանկության տանգոնՙ՚ ֆիլմի այն դրվագը, երբ Մհեր Մկրտչյանը կշտամբում էր սեփական որդուն դերասանություն անելու ու բեմերում խաղալու համար, համարում էր դա ՙՙկապիկություն՚՚:

Հետաքրքիր է, որ դերասանը հենց ինքն է անցել այդ ամենի միջով: Պատմենք Ձեզ մի զարմանահրաշ պատմություն Մեծ Լեգենդի կյանքից:
- Պատմում է Մհեր Մկրտչյանի եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանը

Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է դառնալու: Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ. միշտ ասում էր. «Դերասան ես հա՞, կապիկություն կենես, հա՞»:
Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:
… Դեռ Լենինականում մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ: Վախեցած նայում էի. ինձ թվաց՝ պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել:
Գնաց, կանգնեց շատ մոտ, երկար նայեց Մհերին: Զգում էի, որ Մհերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ:
Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր: Ոտքերից վերմակը քաշեց և ասաց. «Ֆրո՛ւնզ ջան, ապրի՛ս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»:

*****
Մի օր Մհերը երկար ժամանակ կանգնեց հայելու դիմաց, սանրվեց, սափրվեց, փողկապ կապեց: Մայրս կանգնած նայում էր ու վերջում հարցրեց . «Ա՛յ բալա, էս ո՞ւր կերթաս, էսպես երկա՜ր կսանրվիս, կթրաշվիս, գալըստուկ կկապես, դուխի կցանես վրեդ»:
Ասաց. «Մա՛մ ջան, բանկետի»:
«Ա՛յ բալա, էդ ի՞նչ տեղ է էդ բանկետը: Ես քեզնից հա լսում եմ, բայց բան չեմ հասկանում»:
«Մա՛մ ջան, մեծ դահլիճ է, երկար սեղան գցած: Թերթեր են, ժուռնալներ, գրքեր են, ու մենք նստած կարդում ենք»:
«Քոռանամ ես, բալա՛ ջան, գնա՛, գնա՛, բայց շատ չխմես»: