Հրաչն ու վաշտի մյուս տղաները զոհվել են սխալ հրամանի հետևանքով. 19-ամյա Հրաչ Մահտեսյանի ճակատագիրը

«Լրիվ դառանք ուրիշ մարդ, մեռանք։ էս ապրել չի, չենք ապրում»,- կսկիծով ասում է 39-ամյա Ալմաստ Հարությունյանը։ Ալմաստի որդին՝ 19-ամյա Հրաչ Մահտեսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ վաշտի 17 տղաների հետ միասին Ջրականի հատվածից Տիլի գյուղ տեղափոխման ժամանակ։

ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալ» մեքենային։ 

hrach

Ալմաստ Հարությունյանն ասում է, որ դեպքի օրը՝ հոկտեմբերի 9-ին, խոսել է որդու հետ։ Մինչ այդ չի իմացել, որ տղան Ջրականում է։ Հրաչը մորը մշտապես ասել է, որ Մեղրիի զորամասում է, ամեն ինչ լավ է։ «Էդ օրը ասեցի, որ իր հոպարի տղաներն են գնացել Ջրական, ասեց՝ ո՞նց, ստեղ կրակից կարկուտ է թափվում, չէի՞ն կարա չգային… Էդպես հասկացա, որ ինքն էլ Ջրականում ա, մինչև էդ չէր էլ ասել իր տեղը, ասում էր՝ մենք մեր տեղն ենք, նորմալ է»։

Ալմաստն ասում է, որ որդին ու վաշտի մյուս տղաները զոհվել են սխալ հրամանի հետևանքով։ Այդ մասին ծնողները բողոք են ներկայացրել դատարան, և դատավարությունը շարունակվում է։

«Մենք բողոքում ենք, որ փոխգնդապետի սխալ հրամանի պատճառով տղաները զոհվել են։ Մեր բողոքներից հետո փոխգնդապետին մեդալ չտվեցին, բայց իրա պաշտոնը բարձրացրին»,- մտահոգ նշում է Ալմաստ Հարությունյանը։

Ալմաստն ասում է՝ հոկտեմբերի 10-ին, երբ որդուց զանգ չի ստացել, արդեն անհանգիստ էր, զգում էր, որ ինչ-որ բան է պատահել, հակառակ դեպքում որդին անպայման կապ կհաստատեր։

mahtesyan hrach

«Ես ամսի 11-ին գործի էի գնացել, փուռն էի աշխատում, ասում էի՝ չեմ կարում գործ անեմ, ձեռքերս թուլացել են, զգում էի՝ ինչ-որ բան այն չէ։ Ինքը որ չէր զանգում, գոնե հեռախոսը անջատում-միացնում էր, ինձ նամակ էր գալիս, որ բաժանորդը հասանելի է, ես էդպես արդեն գիտեի, որ ինքը կար։

Ամսի 11-ին անունները գցել էին, ես աշխատանքի էի, մեր բարեկամները լրիվ զանգում էին՝ Հրաչից խաբար ունե՞ս, Հրաչը զանգե՞լ է, բայց ես գիտեի, որ վերջին անգամ ամսի 9-ին եմ խոսել ու էլ ոչ մի բան»,- ասում է Ալմաստը և հուզվելով շարունակում, որ այդ օրն էլ իմացել է որդու զոհվելու մասին լուրը։

Որդեկորույս մայրն ասում է՝ այդ օրվանից կյանքը գլխիվայր շրջվել է։ Օրերը պարզապես անցնում են, բայց չի ապրում․ «Ուժ չկա, դիմանալու չի, օր է՝ անցնում է։ Հրոս իմ թիկունքն էր, իմ թևերն էին, էլի տղա ունեմ, բայց Հրոյով էի ես ապրում»։

Ալմաստն ասում է՝ շատ կապված էր որդու հետ, ոչ թե մայր ու տղա էին, այլ՝ քույր ու եղբայր։

«Երեխեքին տարան, գլուխները կերան, ոչ մի մարդ ոչ մի անգամ դուռ չի բացել, գնաց, կորավ ու վերջ»,- կսկիծով հավելում է Ալմաստը։