«Ասեց՝ քո ասածով եղավ, քո Հարությունը գերի չի ընկել, զոհվել ա». 20-ամյա Հարություն Ավետիսյանի հերոսական պատմությունը

20-ամյա Հարությունը բարձրահասակ էր՝ 1,83 սմ հասակ ուներ, շիկահեր, թիկնեղ, սիրուն, կամեցող․ նկարագրում է որդուն 46-ամյա Արմենուհի Փոստոյանը ու կսկիծով ասում, որ շատ ծանր է, երբ աչքերը բացում է, ու որդին այլևս կողքին չէ։

Հարություն Ավետիսյանը ժամկետային զինծառայող էր, 3 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնար, սակայն սկսվում է պատերազմը, որը գլխիվայր շրջում է Ավետիսյանների կյանքը։

harutyun

Հայրենիքի պաշտպանության համար մարտերում Հարությունը զոհվել է Հադրութում դիպուկահարի կրակոցից։ Տղան թեժ մարտերում է եղել, մինչդեռ մայրն անգամ կասկած չի ունեցել, որդին մշտապես ասել է՝ ամեն ինչ լավ է, իրենք ապահով տեղում են։

Մայրն ասում է՝ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան, որդու հետ խոսել է, երեկոյան տեղի է ունեցել դեպքը։

«Ամսի 11-ին որ մենք զանգ չստացանք, ընկերների հետ խոսացինք, ասեցին՝ ամեն ինչ նորմալ ա, Հարությունը վերևում ա, մենք՝ ներքևում: Հետո 12-ին արդեն ամուսինս, ախպերներս, առանց ինձ ասելու, հիվանդանոցներում Հարությունին են ման եկել՝ Գորիս, Խնձորեսկ, ամեն տեղ։ Ես միշտ ասում էի՝ մենակ իմ Հարությունը գերի չընկնի, որովհետև ես հեռախոսով տեսել էի՝ ոնց են գերիներին վերաբերվում, մտածում էի՝ կռվի դաշտում լինի, մենակ գերի չլինի։

Ամսի 13-ին, որ արդեն գյուղում զոհ ունեինք, ամուսինս գնացել ա էնտեղ, վայենկոմատից զանգել են, ասել են՝ եկեք։ Հետո ամուսինս եկավ, ասեց՝ որ մեր տղան զոհվել ա։ Ասեց՝ քո ասածով եղավ, քո Հարությունը գերի չի ընկել, քո Հարությունը զոհվել ա»,- կսկիծով ասում է մայրը ու հուզմունքով ասում, որ որդու մարմինը չի տեսել, փակ դագաղով է եղել:

votanavor

«Ասեցին՝ փակել ենք, որ քո հիշողության մեջ ոնց կա՝ էդպես էլ մնա»,- ասում է որդեկորույս մայրը։

Հարություն Ավետիսյանը սովորել էր Եվրոպական քոլեջում, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ էր, իսկ բանակում սակրավոր էր, պատերազմից մի քանի օր առաջ ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։

Մայրն ասում է՝ որդին հայրենասեր էր, ընկերասեր, բոլորին միշտ օգնում էր։

Իր նպատակն էր, որ բանակից գար, եղբոր ու հոր հետ միասին իրար թև-թիկունք լինեին ու տուն կառուցեին․ «Մենք տուն չունեինք, ասում էր՝ մա՛մ ջան, չմտածես, ես կգամ պապայի ու ախպորս հետ կսարքենք»։

Հարությունը սիրում էր երգել, մոր խոսքով՝ որդին ռեպ երգեր էր երգում, ոտանավոր էր գրել էր․ «Գրպանից երեք հատ ոտանավոր ենք հանել»։

Արմենուհին ասում է, որ ականջներին է որդու խոսքերը, որդին մորը հաճախ Ամիկ էր կանչում։ 

avetisyan

«Ես որ նեղվում էի, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սիրո՛ւն Ամիկ-Ամիկ, իմ սիրտը ցավում ա, որ ես տեսնում եմ՝ դու նեղվում ես։ Որ տուն էր գալիս, դրսից կանչում էր՝ մա՛մս, Ամի՛կս։ Մի այլ շունչ էր իրա հետ բերում, ոնց որ մի 100 հոգի հետը գային՝ ուրախ, բարձր ձայնով»,- կարոտով հիշում է մայրն ու ասում՝ առանց Հարությունի կյանքը անիմաստ է ու դատարկ։ 

«Պատերազմի ամբողջ ընթացքում իր հետ գինի ա ունեցել, ուսապարկով հետը ման ա տվել, ասել ա՝ տղերք ջան, հենց հաղթենք, էս գինին պիտի բացենք ու տոնենք մեր հաղթանակը»,- պատմում է մայրը ու հուզմունքով նշում, որ հիմա ո՛չ հողերը կան, ո՛չ տղան։