22-ամյա Արմենը թաքնվել է գյուղի տներից մեկի նկուղում՝ հույսով, որ իրեն օգնության կհասնեն. Կարդացեք հերոսի պատմությունը

«Ուղիղ 70 օր լուր չունեինք տղայիցս, մտածում էինք՝ գերի ա ընկել»,- ասում է 42-ամյա Նարինե Առաքելյանը, որը մինչև վերջին օրն էլ հույսով սպասում էր, որ տղան ողջ-առողջ կվերադառնա։

Նարինե Առաքելյանի որդին՝ 22-ամյա Արմեն Բադալյանը, դիպուկահարի կրակոցից վիրավորվելուց հետո երկու ընկերների հետ մնացել էր Վանք գյուղի տներից մեկի նկուղում՝ հույսով, որ օգնության կհասնեն իրենց։ Սակայն գյուղը հակառակորդի շրջափակման մեջ է հայտնվել, տղաներն էլ, արնաքամ լինելով, մահացել են։

armen

«Ով վիրավոր է եղել, իրանք մնացել են նկուղում, իսկ ովքեր առողջ են եղել, դուրս են եկել, փախել։ Մենք հետաքրքրվեցինք, գտանք դուրս եկած տղաներին, որ ճանաչում էին տղայիս, ասում էին՝ Արմենը կարար մեր հետ դուրս գար, ի վիճակի էր, բայց էնքան խղճով էր, որ չի ուզել իր ընկերներին մենակ թողնի»,- պատմում է Նարինեն։

Արմեն Բադալյանը երկու ամիս է՝ ինչ մեկնել էր ծառայության, երբ սկսվեց պատերազմը։ Պատերազմի առաջին օրերին կռվել է Ջրականում, հոկտեմբերի 6-ից տեղափոխվել Հադրութ։ Մայրն ասում է, որ վերջին անգամ տղայի հետ խոսել է հոկտեմբերի 8-ին, որից հետո կապը կտրվել է։

«Մյուս տղաս էլ Աղդամում էր։ Երկու երեխա ունեի, երկուսն էլ պատերազմի դաշտում, վաբշե չգիտեմ՝ ինչ էր հետս կատարվում: Իրանք ինձ հանգստացնում էին, ասում էին՝ մենք հեռու ենք, ասում էին՝ լավ կլինի, մա՛մ ջան, վեջդ չդնես։ Արմենս վերջին օրն էլ ասեց՝ լավ եմ, մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ ա»,- հիշում է Նարինեն ու կրկին հուզվում։

Դեկտեմբերի 18-ին Բադալյանների ընտանիքը տեղեկանում է Արմենի զոհվելու մասին։ 

heros armen

«Առավոտը զարթնեցինք, մեր բարեկամներից եկան, դուռը բացեցի, տեսա՝ աչքները կարմրած էին, ասեցի՝ ինչ ա եղել, ասեցին՝ ոչ մի բան, շորերդ հագի… Արդեն ես գլխի ընկա, ասեցի՝ երեխուցս խաբար ունե՞ք, մի՛ երկարացրեք… Էլ ինչ, ամսի 20-ին հուղարկավորեցինք Սպիտակի պանթեոնում»։

Երեխայասեր, խելացի, խելոք, կատակասեր․ այսպես է բնութագրում որդուն մայրը։

«Շատ համեստ էր, մի հատ բարձր տոնով հետս չէր խոսա, ուրիշ տղա էր»։

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը դժոխքի է վերածվել։

«Ես հոգով-սրտով ուրախ մարդ եմ եղել, հիմա փոխվել եմ, մի անտանելի ցավ ա, իմ կյանքը դժոխք ա, մի անտանելի դատարկություն»,- հուզմունքով ասում է նա:

Նարինեն ասում է, որ հիմա միակ հույսը փոքր տղան է, որ ամուսնանա, թոռ ունենա, անունն Արմեն դնեն:

«Փոքրս 21 տարեկան չկա, ասում եմ՝ շուտ ամուսնացնենք, երեխա ունենա։  Էդ ա մնում, դառը աշխարհում էլ ուրիշ բան չկա մեր համար»,- ասում է ու հուզվում Նարինեն: