Հայաստանի պատմությունը՝ դարերի խորքից. ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅԱԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐԸ. սա տեսնել է պետք

  • Դադիվանք

Հայկական առաքելական միջնադարյան այս վանական համալիրը գտնվում է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։

Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։

Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։

Դադիվանքն ունեցել է 200 000 հա կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին վերաբացվել, իսկ 1999 թվականից սկսել են վերանորոգման աշխատանքները։

Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից,որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվեց Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարում էր հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերեց այն, ինչպես կարողացավ։

  • Ծիծեռնավանք

Ծիծեռնավանքը մի քանի անվանումներով է հայտնի՝  Ագռավի գերեզման, Ագռավի տապան, Աղողլան, Ծիծառնավանք, Ծիծեռնեկու վանք, Ծիծառնո վանք, Ծիծառնու վանք, Ծիծեռնակավանք, Ծիծեռնակու սուրբ վանք, Ծիծռանավանք, Ծիծռան վանք, Ծիծռավանք, Ծիծռնա վանք, Ծիծռնո վանք։ Վանքային համալիր գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում (այժմ՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում), Աղավնո գետի աջ ափին, Ծիծեռնավանք գյուղի մոտ։

Ստեփանոս Օրբելյանը Ծիծեռնավանքը հիշում է Սյունիքի մոտ 150 վանքերի մեջ որպես 30 նշանավոր վանքերից մեկը, բայց ոչ իր ժամանակի (13-րդ դարի վերջ) առաջնակարգ վանքերի շարքում և դասում է 17֊րդ տեղը, թեև մինչ Ծիծեռնավանքը նշվում են մի քանի աննշան վանքեր։

Ըստ ավանդության

Հռչաս գյուղի մելիք Թումանը շարունակ նեղացնում է գյուղի քահանային։ Մելիքից ազատվելու համար՝ սա մի անեծքաթուղթ է գրում, գցում նրա սենյակն ու ինքը փախչում։ Այդ թղթի ուժով մելիքը կորցնում է կնոջը, որդիներին և ողջ հարստությունը։ Հասկանալով, որ բոլոր դժբախտությունների պատճառը քահանայի անեծքն է, մելիքը գնում է նրանից թողություն խնդրելու։ Անցնելով շատ քաղաքներ, հասնում է Հռոմ և իմանում, որ քահանան արդեն վախճանվել է։ Հուսահատված մնում է Հռոմի վանքերից մեկում իբրև լուսարար և միշտ աղոթում էր իր հոգու փրկության համար։

Ժամանակ անց, մելիքը կծելով Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը, պահում է բերանում։ Դրանից վանքի սրբապատկերները գետին են թափվում։ Քահանաները ուզում են հանել մելիքի բերանից մասունքը և իրեն էլ սպանել։ Սեղանից մի ձայն ասում է՝ «Մի մերձենաք մելիքին»։ Մելիքը անվտանգ գալիս է հայրենի երկիրը։ Պաշտամունքի առարկա մի շլորի ծառի տեղում մելիքը վանք է կառուցում, ուր և ամփոփում է Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը։ Դրա համար էլ վանքը կոչվում է Ծիծեռնավանք։

  • Եղիշե Առաքյալի վանք

Հայկական առաքելական վանական համալիրը հիմնադրվել է 5-րդ դարում։ Գտնվում է Մատաղիս գյուղից հյուսիս, հայ-ադրբեջանական շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին:

Վանական համալիրի տեղում նախաքրիստոնեական ժամանակաշրջանում գործել է հեթանոսական սրբավայր, որը կրել է Միհր Ներսեհեա կամ Ներսմեհա անուններով։ Եղիշե առաքյալի վանքը հիմնադրվել է 5-րդ դարում Արևելից կողմանք Հայոց պետության արքա Վաչագանի կողմից: Այստեղ են ամփոփվել Սուրբ Եղիշեի մասունքները։

Վանքի տարածքում է գտնվում Վաչագան Բարեպաշտ թագավորի դամբարանը, 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը։ Ենթադրվում է, որ վանական համալիրը Եղիշե առաքյալի վանք անվանումը ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխվել քրիստոնեական կարևոր դեմքերից մեկի՝ Եղիշե առաքյալի մասունքները։ Ջրվշտիկ անունը վանքը ստացել է հարավային կողմում գտնվող խոր ձորի համանուն ջրվեժից։