Ինչո՞վ է առանձնանում Արփի լիճը. Մանրամասներ, որոնք դու հաստատ չգիտես

Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում՝ Աշոցքի սարահարթում, Թուրքիայի և Վրաստանի սահմանին, ծովի մակարդակից 2023 մ բարձրության վրա: Նախկինում Արփին փոքր լիճ էր, 4,5 ք. կմ մակերեսով և 1,6 մ խորությամբ: Լճի ջրերը գոյանում էին մոտակա լեռնային աղբյուրներից, գետակներից ու ձնհալից:

Տարածքում բնակվող մարդկանց կողմից ինտենսիվ արածեցումը հանգեցրեց նրան, որ Արփի լիճն ու որոշ խոնավ տարածքներ սկսեցին չորանալ: Այդ պատճառով, 1946-1951 թվականների ընթացքում լիճը արհեստականորեն մեծացվեց և վերածվեց ջրամբարի: Այսպիսով Արփի լճի տարածքը հասավ մինչև 22 ք. կմ, ջրի ծավալը՝ մինչև 100 խորանարդ կիլոմետր, իսկ լճի միջին խորությունը հասավ 4 մետրի:

arpi

Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Լիճը արհեստականորեն ընդլայնելուց հետո, այն դարձավ երկրորդ ամենամեծ ջրային ավազանը Հայաստանում, Սևանից հետո: Արփի լճի ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգիա ստանալու համար:

«Արփի լիճ» ազգային պարկ

Արփի լճի ավազանը և Ջավախք-Շիրակ բարձրավանդակը առանձնանում են ուրույն էկոհամակարգով և կենսաբազմազանությամբ: Ուստի, այս տարածքը պահպանելու համար 2009 թվականին ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Ջավախք-Շիրակ բարձրավանդակի հայաստանյան հատվածում գրանցվել է ավելի քան 140 թռչնատեսակ, որոնցից շատերը բնադրում են Արփի լճի ավազանում։

Ազգային պարկում՝ Արփի լճի հարևանությամբ, գտնվում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում: Սա նաև գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում: Գանգրափետուր հավալուսնը բնադրող-չվող թռչուն է, որը պատկանում է հավալուսների ընտանիքին: Նրա գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ, իսկ կոկորդային պարկը վառ նարնջագույն է: Գանգրափետուր հավալուսնը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:

havalusin

Այստեղ բնակվող թռչունների որոշ տեսակներ ընդգրկված են «Բնության Պահպանության Միջազգային Միության» (IUCN) Կարմիր ցուցակում: Պարկում կա կաթնասունների 30 տեսակ: «Արփի լիճ» ազգային պարկում պահպանվում է նաև Դարևսկու իժը, որին կարելի է հանդիպել միայն այստեղ: Բազմազան է նաև ազգային պարկի բուսական աշխարհը: Պարկի տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան: Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են:

Ձմռանը լիճն ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ափին է գտնվում Պաղակն բնակավայրը, որտեղ գրանցվել է ՀՀ ամենացածր ջերմաստիճանը (-46):