Աշխարհահռչակ աստղերի մատները հարդարող հայուհու պատմությունը

Հայուհիներից շատերն են սիրում եղունգները ներկել «ֆրենչ»  ոճով` առանց իմանալու, որ դրա հեղինակը Ջեսիկա Վարդուղյանն է։

Բարբարա Սթրեյզանդ, Թոնի Բրեքսթոն, Ջուդի Ֆոսթեր, Ջեսիկա Ալբա, Սանդրա Բալոք, Դրյու Բերիմոր, Ջուլիա Ռոբերթս, Սքարլեթ Յոհանսոն, Մադոննա, արքայադուստր Դիանա, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգան, առաջին տիկին Նենսի Ռեյգան, Հիլարի Քլինթոն. նրանց բոլորին միավորում է ոչ միայն հայտնի լինելը, այլև միևնույն մատնահարդարը՝ հայազգի Հասմիկ-Ջեսիկա Վարդուղյանը։

Նա ծնվել է Ռումինիայում՝ մայրաքաղաք Բուխարեստում. արմատներն Արևմտյան Հայաստանից են՝ Ուրֆա քաղաքից։ Հիշում է պապի պատմությունն այն մասին, թե ինչպես ցեղասպանության ժամանակ գրեթե ամբողջ ընտանիքին ու հարազատներին կորցրեց, նրանք, ովքեր ողջ մնացին, ցրվեցին աշխարհի տարբեր կողմերում։ Ջեսիկայի պապն ու տատը հաստատվեցին Ռումինիայում։

Հայրն ունեցել է սեփական ֆաբրիկա, եղել կոշիկների ձևավորող, ապրել են լավ ու ապահովված, ունեցել մեծ տուն և այն ամենն, ինչ ցանկացել են, քանի դեռ մի օր Ռումինիայի իշխանությունները չորոշեցին արտաքսել բոլոր նրանց, ովքեր ռումինական անձնագիր չունեին. Վարդուղյանները նրանց թվում էին։

Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին Լոս, որտեղ ոչ միայն հայրն էր ստիպված օրական մինչև տասնութ ժամ աշխատել, այլև հենց ինքը՝ Ջեսիկան. ընտանիքում երեք երեխա էին, և ապրել էր պետք։ Ջեսիկան ընդունվեց Կալիֆոռնիայի համալսարան, հաճախեց անգլերենի գիշերային դասընթացների, զուգահեռ սկսեց աշխատել տեղի գեղեցկության սրահներից մեկում, մի որոշ ժամանակ վարսահարդարմամբ զբաղվեց, հետո հասկացավ, որ իրեն հետաքրքրողը մատներն են և, կարծես թե, մատնահարդարումը բավականին լավ է ստացվում։

Մի անգամ Ջեսիկայի աշխատավայր մտավ 60-ականներին կինոյի հայտնի դերասանուհի Լյուսիլ Բեյլը՝ խնդրելով հարդարել մատները: Նրան այնքան դուր եկավ Ջեսիկայի կատարած աշխատանքը, որ նրա մոտ ուղարկեց նաև իր ընկերներին: Այդպես Ջեսիկայի համբավը տարածվեց Հոլիվուդում: Մի քանի տարի աշխատելուց և եղունգների աճեցման սեփական մեթոդները զարգացնելուց հետո նա 1969թ.-ին Բևեռլի Հիլզում բացեց իր առաջին մատնահարդարման սրահը՝ դառնալով նաև առաջին կինը, որը հիմնեց նեղ մասնագիտացում ունեցող մատնահարդարման սրահ:

Ջեսիկա Վարդուղյանը հիմնադրել է աշխարհահռչակ «Ջեսիկա» ապրանքանիշը, որը ներկայացնում է եղունգների խնամքի միջոցներ:

Ջեսիկան առաջին պրոֆեսիոնալ մատնահարդարն է, որի մասին խոսեցին լրատվամիջոցները՝ անդրադառնալով եղունգների խնամքի նրա խորհուրդներին: 1986թ.-ին նա սկսեց վաճառել իր արտադրանքը հեղինակային հեռուստաշոուի միջոցով, սկսեց իր արտադրանքն արտահանել նաև ԱՄՆ սահմաններից դուրս՝ 1990թ.-ին նվաճելով ամբողջ աշխարհը:

Մատնահարդարման ոլորտում Ջեսիկան բազմաթիվ նորարարությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին եղունգների ներկման հայտնի «ֆրենչ» ոճն է: 1973թ.-ին նրա մտքով անցավ սպիտակով ներկել եղունգի միայն ծայրերը, այն դարձավ ոճ ու տարածվեց ամբողջ աշխարհում։

Մատնահարդարման ոլորտում նա աշխարհի ամենահեղինակավոր կինն է. «Նյու Յորքը Թայմսը» դեռևս 1974թ.-ին նրան անվանեց «Եղունգների առաջին տիկին»։

Իր հարցազրույցներում Ջեսիկան հաճախ է խոստովանում, որ մասնագիտության ընտրության հարցում մեծ է եղել մոր դերը. նա վստահ էր, որ խնամված ձեռքերը խոսում են մարդու կարգավիճակի և դիրքի մասին։

Հայաստանից հեռու ծնված և ամբողջ կյանքում օտար ափերում ապրած կինը ոչ միայն ոչ մի առիթ բաց չի թողնում հայրենիք այցելելու համար, այլև դրսում զբաղվում է հայանպաստ գործունեությամբ՝ ունենալով մեծ երազանք, որպեսզի իր հայրենիքում՝ Հայաստանում, ամեն բան լավ լինի, մարդիկ ապրեն բարեկեցիկ ու երջանիկ կյանքով: