Վահան Չերազ. ՀՀ սկաուտական շարժման հիմնադիր

Վահան Չերազը հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, խմբագիր և գրող Մինաս Չերազի եղբորորդին էր։ Հայրը պոլսահայ իրավաբան Գասպար Չերազն է, որը 1915 թվի ապրիլի 24֊ին հայ մտավորականների հետ աքսորվել է Չանքըրը ։ Նա սովորել է Պոլսի և Փարիզի ուսումնական հաստատություններում, եղել է Հ.Մ.Ը.Մ. -ի սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը։ Առաջինն էր, որ ֆուտբոլը բերել է Օսմանյան Կայսրություն, հիմնել է ֆուտբոլի խմբեր և խաղեր կազմակերպել։ Վահան Չերազի և նրա համախոհների ջանքերով դեռևս 1908 թվականին Պոլսում ստեղծվել է հանրահայտ «Տորք» հայկական մարզական ակումբը, որտեղ նա ֆուտբոլի թիմի առաջատար խաղացողն էր։ 1912 թվականին «Տորք» մարզական ակումբը Պոլսում կազմակերպում էր արդեն լողի, թենիսի ու հեծանվավազքի մրցումներ։

1914 թվականին, երբ սկսվում է Առաջին Աշխարհամարտը, Վահան Չերազը մեկնում է Թիֆլիս, ընդգրկվում Զորավար Անդրանիկի կամավորական ջոկատում և նրա հրամանատարությամբ մասնակցում տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններին ընդհուպ մինչև 1919 թվականը։ Անդրանիկի ջոկատի կազմալուծումից հետո Չերազը մեկնում է Պոլիս, 1920 թվականին Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլիսից տեղափոխվել է Գյումրի,որպեսզի հայրենիքում զարգացնի մարզական կյանքը։ Այդ ժամանակաշրջանում Ցեղասպանությունը վերապրած որբերի մի մասը կենտրոնացած էր Ալեքսանդրապոլում

Հայաստանի խորհրդայնացումից հետո, ի տարբերություն իր ընկերներից շատերին, նա նախընտրում է մնալ հայրենիքում, իր սկաուտների մոտ՝ արհամարհելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, իսկ 1921 թվականին մասնակցում է փետրվարյան ապստամբությանը։ Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում, զբաղվում է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր։ 1924 թվականին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ։ Թեպետ Վահան Չերազը շարքային դաշնակցական չէր, 1927 թվականին նման զրպարտությամբ  ձերբակալում են Լենինականում, 1928 թվի հունվարի 9֊ին գնդակահարում Թիֆլիսում]։

Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է 1937թվականին։ Վարդգես Անդրեասյանը՝ Վարդանուշի եղբայրը, որդեգրել է նրանց որբ մնացած դստերը՝ Բյուրակնին։ Վախենալով հետապնդումներից՝ նա փոխում է աղջկա ազգանունը՝ դարձնելով Անդրեասյան։ Բանասեր Բյուրակն Անդրեասյան-Չերազն այժմ բնակվում է Երևանում։