18-ամյա ժպտերես Արամը այդքան պայքարելուց հետո զոհվեց Շուշիի մատույցներում. Կարդացեք և ճանաչեք մեր հերոսին

44-օրյա պատերազմի խորհրդանշաններից մեկը դարձած ժպտերես զինվորի՝ զոհված 18-ամյա Արամ Թորոսյանի պատկերն այսօր Ավան թաղամասի իրենց շենքի պատին է։ Մայրն ասում է՝ բոլորի սիրելին էր, նույնիսկ զոհվելուց հետո ընկերները որոշել են հավերժացնել իրենց ժպտերես Արամի պատկերը շենքի պատին։ 

Մոր պատմելով՝ Արամը այնքան խելացի էր, որ անգամ առաջին դասարան չեն նստեցրել: Նրան միանգամից տեղափոխել են, դրա համար դպրոցն ավարտելիս նա բոլորից տարիքով փոքր էր: Դպրոցն ավարտելուց հետո Արամը սովորեց բժշկական քոլեջի ատամնաբուժական բաժնում, որից հետո ընդունվեց բժշկականի նույն բաժինը:

aram

Արամը ինքնուրույն որոշեց ու 10 տարի գնաց ֆուտբոլի: Ֆուտբոլի ֆեդերացիայում Արամին ձեռքից ձեռք էին տանում։ Հետո որոշեց գնալ կարատեի, ու էնտեղ էլ սկսեցին իրար հաջորդել հաղթանակները։

Ամեն ինչում ինքնուրույն տղան որոշեց, որ ընդամենը 16 տարեկանում պետք է աշխատի: Որքան էլ զարմանալի էր, նրան հաջողվեց մտնել սուպերմարկետ, բոլորը միանգամից սիրեցին նրան՝ անվանելով՝ փոքրիկ, ժպտերես տղա: Արամը պատասխանատու էր սուպերմարկետում ստացված ապրանքների համար. հաշվում էր ու ամբողջը դասավորում։ Իրեն այնքան լավ էր դրսևորել, որ «Լավագույն աշխատակից» փոքրիկ մեդալ էր վաստակել։ Ուզում էին անգամ մենեջեր դարձնել, ասել էր՝ կգնամ բանակ, կգամ՝ նոր։

Պատերազմի առաջին օրերից Արամը խիզախորեն ոգեշնչում էր բոլորին ու նրա խոսքերն էլի չէին փոխվում, ասում էր՝ մամա՛, մի՛ վախեցի, շատ լավ կլինի։ Վերջին խոսքերն են եղել՝ մենք մեր հողը ոչ մեկին չենք տա։

Ընտանիքը միայն պատերազմից հետո է իմացել Արամի գործած սխրանքների մասին։ Մայրն ասում է՝ Քարինտակում երկու վիրավորի կյանք է փրկել՝ նրանց առաջնագծից դուրս բերելով։ 

«Էդ տղաներից մեկը զանգել, ասում էր՝ Արամն իմ կյանքը փրկել ա։ Քարինտակում էդ տղեն վիրավորվում ա, Արամն ասում ա՝ ո՛նց կարանք մենք մեր ընկերներին թողենք մնան ընդեղ: Ասում են՝ որ գնաս, էլ հետ չես գա, ասում ա ՝ոչինչ, պիտի գնամ, փրկեմ իրանց, ու գնացել, հանել ա»։

zhpteres

Wargonzo-ի կողմից արված հայտնի լուսանկարն էլ արվել է հենց Քարինտակում՝ նոյեմբերի 3-ին՝ Արամի վիրավորվելուց 4 օր առաջ։ Ծանոթներն անմիջապես ճանաչել էին տղային և լուսանկարն ուղարկել ընտանիքին։ Մայրը տղային չէր ճանաչել այնքան, որ տղան նիհարել էր ու դեմքին կնճիռներ էին առաջացել:

«Նոյեմբերի 7-ի առավոտ բեկորային վնասվածք էր ստացել ձախ ուսի հատվածում: Հրաման էին տվել թողնել մարտն ու անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, բայց չէր գնացել, վիրակապվելուց հետո շարունակել էր իրեն վստահած դիրքի պաշտպանությունը: Մենակ զանգել էր, լացում էր, ասում էր՝ մամա՛, ընկերս չկա, Էմիլս չկա։ Հենց էդ զանգից մի քանի ժամ հետո վիրավորվել էր արդեն ոտքի շրջանում։ Զանգել էր քեռուն, ասել՝ երկու տեղից վիրավոր եմ, օգնություն ա պետք, ստեղ մենակ ես չեմ վիրավոր, շատ ենք, եկեք, օգնեք։ Արդեն գիշերվա ժամը 11-ին զանգել, ասել էր՝ էլ չեմ դիմանում»:

Քեռին հասել էր Շուշի, բայց թշնամին արդեն գրավել էր քաղաքը: 5 օր տևած բանակցություններից հետո դուրս էին բերել Արամի ու մնացած տղաների մարմինները։ 

medalner

Պարզվում է՝ Արամն ընկերուհի ուներ՝ Հասմիկը, բայց տնեցիները չէին իմացել։ Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո է իմացել, երբ այդ աղջիկը շատ վատ վիճակում ներս է մտել։ 

«Փաստորեն, 3 տարի սիրել են իրար, բայց ես որ ասում էի՝ ա՛յ տղա, ընկերուհի ունե՞ս, ասում էր՝ դե լավ, մամա, ընկերուհին էլ հետո։ Հասմիկն ասում ա՝ միշտ ասում էր՝ գնամ բանակ, գամ, մերոնց հետ կծանոթացնեմ քեզ, իսկ հիմա էդ երեխեն տանջվում ա, ու նույնն էլ մենք։

Ու մինչև էսօր տառապելով ապրում ենք, մի աղջիկ ունեմ, գոնե էդ աղջկաս հասցնեմ իրա նպատակին ու գնամ հասնեմ իրան։ Ես ուրիշ երեխա եմ դաստիարակել, ոչ մի վատ բան չեմ տեսել իմ տղուց, էս ինչ եղավ, էս ոնց եղավ՝ չհասկացանք»,- ասում է մայրն ու հուզվում։