Չարենցի նվերը Սարյանին. ինչ էր դա և ինչ ճակատագիր ունեցավ

Մարտիրոս Սարյանի թանգարանում պահվում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատընտիրը, որը գրողն ընծայել է նկարչին: Այդ ընծայագրում Չարենցը շնորհակալություն է հայտնում Սարյանին` իրեն անմահացնելու համար: Գրքում զետեղված է Սարյանի վրձնին պատկանող Չարենցի դիմանկարը, որն, ի դեպ, կիսով է տպագրվել, քանի որ կան պատկերներ (եգիպտական դիմակ, գլխաշորը), որոնց մեջ ժամանակի համար անընդունելի սիմվոլիզմ էին նկատել:

Սարյանի մի քանի կտավներ կրակին մատնվեցին Ստալինյան բռնապետության տարիներին: Դրանք այն հայրենասեր ու ազգանվեր գործիչների դիմանկարներն էին, որոնց Խորհրդային Միությունում ճանաչեցին «ժողովրդի թշնամի», ոմանց գնդակահարեցին, իսկ ոմանց` աքսորեցին Սիբիր: Որոշում էր կայացվել այդ դիմանկարները հանել պատկերասրահից եւ այրել: Խարույկ էին պատրաստել հենց պատկերասրահի բակում եւ այրել կտավները, որոնց մեջ պետք է լիներ նաեւ Չարենցի դիմանկարը: Բարեբախտաբար, այս կտավը ոչ թե Հայաստանի պատկերասրահում էր, այլ Գրականության եւ Արվեստի թանգարանում, որի աշխատակից Նշան Մուրադյանը, իր կյանքը վտանգելով, կարողացել էր թաքցնել կտավը նկուղում: 20 տարի անց միայն հայտնի դարձավ, որ Սարյանի այս գլուխգործոցը փրկված է: