Ինչու՞ հենց Չարենց. ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐՈՂՆԵՐՆ ու նրանց կեղծանունները

Հայ գրողներից շատերը հանրությանը հայտնի են իրենց կեղծանուններով. դրանցից մի քանիսի պատմություններն էլ կներկայացնենք ստորև:

  • Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է: Ըստ մեկ այլ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի «Անչար» ստեղծագործության վերնագիրը, արդյունքում էլ ստացվել է ՝ Չարենց:

Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս անունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է հետևյալ բացատրությունը.

«Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»:

  • Ակսել Բակունց

Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:

  • Պարույր Սևակ

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել է այդ կեղծանունը՝ ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որը եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա, առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի կամքին և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում է իր կեղծանունը ու դրա մասին խոսելից ասում է ՝ «եղա՜վ էլի»Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։

  • Հովհաննես Շիրազ

ժամանակի հայտնի արձակագիրներից մեկը՝ «Տժվժիկի» հեղինակ Ատրպետը, գրական անվան որոնումների մեջ գտնվող Հովհաննես Կարապետյանին մկրտում է Շիրազ ծածկանվամբ: Ասում են Ատրպետը, կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը, ասել է.

«Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

Իր գրական անունը հետագայում Շիրազը ստուգաբանել է հետևյալ կերպ.

«Իսկ թե ինչու իմ անունը Շիրակ չէ, այլ Շիրազ է, դա, կարծում եմ, համազգային հարց չէ: Իմ անունը գրող Ատրպետն է կնքել ու նշանակում է Շիր՝ առյուծ, ազ՝ առյուծի բերան: Նա ինձ այդպես կնքեց վաղուց, երբ կարդաց իմ «Սիամանթո և Խջեզարե» պոեմի ձեռագիրը և ասաց. «Սերը ահա այսպես պիտի գրեն. առյուծի բերանով լացած վիշտ է՝ առյուծի բերանով, սոխակի լեզվով: Ահա իմ անվան ծագումը: Բարևներով՝ Հովհաննես Առյուծաբերան»:

  • Նար-Դոս
222 - Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Նար-Դոս գրական անունն ունի այսպիսի պատմություն: Նարդոսը մեղրատու ծաղիկ է, որ աճում է նաև Անդրկովկասում: Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է: Տատի խորհրդով գորգավաճառը նարդոսից պատրաստված հյութ է խմում և ապաքինվում: Դա զարմացնում է փոքրիկ Միքայել Հովհաննիսյանին, և նա սկսում է արտակարգ սեր տածել նարդոս ծաղկի հանդեպ:

Հետագայում այդ ծաղկի անունը նա դարձնում է իր գրական անունը: Վիպասանը ծաղկի անունը բաժանել է երկու մասի և դրանք միացրել միության գծիկով: Երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Իր այս երազանքն իրականացնելուց հետո նա պետք է դեն գցեր միության գծիկը և իր անունը գրեր այնպես, ինչպես ծաղկի անունն է գրվում: Բայց գրողն ունեցավ միայն մի տղա ( երգիչ , ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան) և միության գծիկով երկատված անունը ժառանգություն թողեց ընթերցողներին :