«Կնոջ ասածն արժեք չունի». կարծրատիպ, որը երբեք չվերաբերեց ԽԻԶԱԽ ՀԱՅ ԿՆՈՋԸ
- Կնոջ ասածն «ասնավանի» չէ
Այս եզրույթը զուրկ է որևէ պատմական հենքից։
Այն թեզը, թե հայ կինը միշտ եղել է խոնարհ ու գլուխը կախ, լուռ ու մունջ, անկարծիք ու անկամք, սուտ է։ Գրենք սա կարմիր մեծատառերով։ Հայոց պատմությունը մեր առաջ սփռում է կնոջ կարևորությունը ընդգծող բազմաթիվ օրինակներ, հին հայ կնոջ դիրքն ու դերն ընտանիքում չի սահմանափակվել ամուսնուն հնազանդվելով ու երեխաներին կերակրելով։

Հայ կինը դարերով վերահսկել է ընտանիքում շրջանառվող գումարները, կազմակերպել ու կառավարել ընտանիքի նիստ ու կացը, տնտեսական աշխատանքները, գերդաստանի կառավարումը հավասարապես կիսել է տղամարդու հետ։
- ՀԱՅ ԿՆՈՋ ՓԱՅԼՈՒՆ ԿԵՐՊԱՐԸ ԷՊՈՍՈՒՄ
«Սասունցի Դավիթ» էպոսը մեզ օրինակ. անվախ ու ուժեղ կանայք։ Էպոսում գերդաստանը սկիզբ է առնում կնոջից՝ Ծովինարից։ Հենց Ծովինարն է դառնում սերնդի ու տոհմածառի սկիզբը, կարելի է ասել՝ «էպոսի նախամայր»… Ծովինարն ինքնազոհողությունն է, բայց ոչ թե հարկադիր, այլ՝ ինքնակամ ինքնազոհողությունը։

Հաջորդ կերպարը Դեղձուն Ծամն է, որը ինքն է ընտրում իր ամուսնուն ու առաջարկում ամուսնանալ. ժամանակակից աղջիկներից քանի՞սը նման համարձակություն կունենային։
Արմաղանը՝ Մհերի կինը ամուսնուն հավասար կառավարում է երկիրը, և կրկին դիմում ինքնազոհության, որը, կրկին, անձնական ընտրություն էր՝ վկայակոչող ներքին կամային հատկանիշներին։ Խանդութը՝ Դավիթի կինը, հայ կնոջ սիրող ու հավատիրիմ տեսակն էր։
Անհերքելի է կին կերպարների հսկա դերակատարությունն ու կարևորությունը հայոց էպոսում, ասել է, թե՝ «քաջերից քաջեր են ծնվում», սակայն մեր էպոսի հերոսուհիներն իրենց քաջությունը դրսևորում էին ոչ միայն քաջեր ծնելով…
- Պատմական ակնարկ
Հայ պատմիչ Ագաթանգեղոսը նախաքրիստոնեական հայ կնոջ մասին գրելիս օգտագործում է «շունչ ու կյանք» եզրույթը։ Քրիստոնեության ընդունումից հետո կնոջ դերը ամրապնդվել է հայ հասարակության մեջ, Աստվածամոր կերպարը դարձել է պաշտանմունքի առարկա։ Հետագայում՝ մինչև 20-րդ դարասկիզբ հայ հոգևոր իրականության մեջ իրենց տեղն են ունեցել կին սարկավագները։ Հավատցյալ կանանցից շատերն էլ դասվել են սրբերի շարքերում՝ Գայանե, Հրիփսիմե, Շողակաթ, Շուշանիկ և այլք։

Հայ կինն իր ուրույն դերն է ունեցել աշխարհիկ ու հոգևոր կյանքում:
Բազմաթիվ են օրինակները, փաստը մեկն է՝ հայոց թագուհիները մեծ ու անհերքելի ներդրում են ունեցել հայոց պետականության ամրապնդման, երկրի բարեկարգման գործում։
- Իրավունք
Դեռևս չորրորդ դարից սկսած հին հայկական իրավական դաշտում ընդգծվում է կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը: Կրկնում եմ՝ դեռևս չորրորդ դարից։ Այս մասին վկայությունները պահպանվել են թե’ եկեղեցական, թե’ աշխարհիկ փաստաթղթերում: Դեռևս 444 թվականին ընդունված Շահապիվանի կանոնադրությամբ կինն է տնօրինում ընտանեկան գույքն ու ունեցվածքը, եթե ամուսինը լքել է նրան առանց հիմքերի:
Բացի այդ՝ նա բոլոր իրավունքներն ունի նոր ամուսնության։ 12-րդ դարի Դավիթ Ալավկաորդու «Կանոններում» ասվում է՝ «ամուսնությունն օրինական է, եթե այն տեղի է ունենում հարսնացուի և փեսացուի փոխադարձ հոժարակամ համաձայնությամբ», իսկ «բռնության հիման վրա տեղի ունեցած ամուսնությունը վավերական չէ»։
Կրկին 12-րդ դարում Մխիթար Գոշն «Հայոց դատաստանագիրք» աշխատության մեջ վկայակոչում է կնոջ կրթության իրավունքն ու դրա կարևորությունը՝ կիրթ կանանց համեմատելով հասարակության գանձերի հետ։ Աշխատությունը նաև անդրադառնում է համատեղ ձեռք բերված սեփականության հավասար բաժանմանը, բռնի ամուսնությունների ու կանանց դեմ սեռական բռնության քրեականացմանը, իհարկե, այլ խոսքերով։