Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները. Որտե՞ղ են դրանք գտնվում
Հայկական լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց:
Լեռնակազմական երևույթների շարունակվելու հետևանքով Հայկական լեռնաշխարհում դեռևս կան գործող հրաբուխներ: Դրանք են՝ Նեմրութն (Սարակն) ու Թոնդրակը:
Նեմրութ
Նեմրութի բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Երիտասարդ բազմածին հրաբուխ է, որն այժմ էլ գործում է, խառնարանից և նրա լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ:

Նեմրութի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր Կալդերա: Կալդերան (պորտուգ.՝ caldera — կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։
Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում, տրամագիծը՝ 8 կմ, որի արևմտյան մասում տարածվում է խառնարանային լիճը 9 կմ² մակերեսով: Գտնվում է 2500 մ բարձրության վրա: Նախկինում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, որոնք փակել են Վանա լճի գոգովորությունը և ստեղծվել է լիճը:

Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ-ին, ըստ անգլիացի երկրաբան Ֆ. Օսվալդիի: Նա մասնակցել է Հ. Ֆ. Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907 թ):
Թոնդրակ
Թոնդրակի բարձրությունը 3533 մ է: Այն բազմածին հրաբուխ է: Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ տաք աղբյուրներ: Էլիզե Ռեկլյուն գրում է, որ Թոնդրակի խառնարանը 350 մ խորություն ունի: Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր: Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ:

Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:
Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:

Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով: Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր: Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է շուրջ տարի: Լեռնազանգվածի լանջերը պատված են հյութալի մարգագետիններով: