Ինչ է խորհրդանշում նուռը հայերիս համար

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Արարատյան թագավորության ժամանակաշրջանում նուռը պաշտվել է իբրև կենաց ծառի պտուղ: Քրիստոնեության շրջանում մինչև 7-րդ դարը նռան պատկերագրություն չունենք, միակ բացառությունն է Զվարթնոցի տաճարը:

Պատճառն այն է, որ քրիստոնությունը նոր խորհրդանիշեր բերեց, և նուռն իր տեղը զիջեց խաղողին, իսկ Անահիտ աստվածուհուն նուռ նվիրաբերելու մեր նախնիների սովորույթը փոխվեց Ս․ Աստվածածնի պաշտամունքով։ Նռան խորհրդաբանությունը շատ տարողունակ է հատկապես քրիստոնեության մեջ:

Այն Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է, խորհրդանշում է հրաշափառ Հարությունը, Աստծո շնորհների բազմազանությունը, Տիրամորը, դրախտի պտուղը և այլն։ Ըստ ավանդություններից մեկի՝ Նոյը տապանը փակեց հենց նռով: Նուռը նաև Եկեղեցու խորհուրդն ունի: Նռան հատիկները պատված են պինդ կեղևով: Այդպես էլ Քրիստոսի Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ Եկեղեցու մեջ: