Այս հայ ռեժիսորը մշտապես փոխել է ֆիլմարտադրության ընթացքը՝ շնորհիվ իր հայտնագործությունների. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Դե իհարկե, խոսքը  20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկի՝ Ռուբեն Մամուլյանի մասին է: Հենց նա է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջինը նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։

Ծնվել է Թիֆլիսում 1897 թվականին, հայ մեծահարուստ բանկիրի՝ Զաքար և Վերժինե Մամուլյանների ընտանիքում։ Մոր շնորհիվ, ով Թիֆլիսի հայկական դրամատիկական ընկերության նախագահն էր, նա վաղ հասակից կապվել է թատրոնին։ Յոթ տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղ ուսանել է Փարիզի Մոնդենիի լիցեյում։ 1913 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ շարունակել է ուսումը։ Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան։ Վերադառնալով Թիֆլիս՝ Մամուլյանը Լևոն Քալանթարի և Ս. Ի. Խաչատրյանի հետ 1918 թվականին Թիֆլիսում հիմնադրել է բեմական արվեստի ստուդիա։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ, որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։

Նրա լավագույն գործերից են՝ «Քաղաքի փողոցները»,«Դոկտոր Ջեյքլը և միստր Հայդը», «Սիրիր ինձ այս գիշեր»: 1933 թվականին Մամուլյանը նկարահանել է «Երգ-երգոց» կինոնկարը, «Քրիստինա թագուհին» պարգևատրվել է մրցանակով, «Նորից ապրում ենք» (Լև Տոլստոյի «Հարություն» վեպի մոտիվներով)։ 1964 թվականին գրել և հրատարակել է մանկական «Աբիգայլ» գիրքը։ Կյանքի վերջում թարգմանել է ժամանակակից անգլերենի Շեքսպիրի Համլետը: 1968 թվականին այցելել է Հայաստան: Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում: