Ինչպե՞ս BBC-ի աշխարհահռչակ հաղորդավարը բացահայտեց, որ ինքը ՀԱՅ Է

«Ես այդքան էլ Դիկինսոն չեմ, ես հենց Գյուլասարյան եմ: 11 տարեկանից ընկած եմ այդ ազգանվան հետևից… Իմ մեջ շատ հայական բան կա…»

Դևիդ Դիկինսոն

Դևիդ Դիկինսոնը (Գյուլասարյան) հայտնի անգլիացի գործարար է, BBC հեռուստաալիքի ամենահայտնի հաղորդավարներից մեկը, նա մի քանի տարի շարունակ երեկոյան «փրայմ թայմ» ժամերին վարում էր Bargain Hunt շոուն:

2006 թվականի հոկտեմբերին BBC հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց Who Do You Think You Are վավերագրական հաղորդաշարի երրորդ շարքը (հաղորդման հերոսները ուսումնասիրում են իրենց տոհմածառը), որի շրջանակներում Դևիդ Դիկինսոնը մեկնեց նախնիների պատմական հայրենիք` Թուրքիա, իրենց ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելու համար: Հենց այս հաղորդաշարի շրջանակներում նա ճակատագրական ու ապշեցուցիչ բացահայտում արեց:

Ինչպես խոստովանում է հեռուստահաղորդավարը` իր մասնակցությամբ Who Do You Think You Are հաղորդաշարը դարձավ ամենավարկանիշայինը:

  • Ճակատագրական բացահայտում

Դևիդը լույս աշխարհ է եկել 1941 թվականին: Նա դաստիարակվում ու մեծանում էր Չեշիրի կոմսությունում (Մանչեսթերից քիչ հեռու), Ջիմ և Ջոյս Դիկինսոնների ընտանիքում, որում, ինչպես ինքն էր ենթադրում մինչև իր կյանքի որոշակի ժամանակահատվածը, նաև ծնվել էր:

Անկախ դրանից, տղան միշտ զգացել էր, որ մի փոքր տարբերվում է իրեն շրջապատող մարդկանցից՝ ինչպես իր ընտանիքի անդամներից, այնպես էլ հասակակից ընկերներից: Ինչևէ, Դիկինսոնների ընտանիքում նա շրջապատված էր սիրով և հոգատարությամբ:

11 տարեկանում տղան հանկարծակի փաստաթղթեր է գտնում, որոնք վկայում են այն մասին, որ իրեն որդեգրել են: Դևիդի խոսքով` նրա համար դա շոկ չէր, հակառակը նա նույնիսկ ուրախ էր դեպքերի նման զարգացման համար: Սակայն այսպես, թե այնպես, մեծահասակներին նա մի շարք հարցեր ուներ… Հայկական արմատների և մոր` Եվգենիա (Ջենի) Գյուլասարյանի մասին նրան պատմեց հորաքույր Էթելը:

30 տարեկանում Դևիդը գտնում է իր կենսաբանական մորը, ով այդ ժամանակ Ջերսիում էր ապրում, և սկսում է նամակագրություն պահել նրա հետ: Ժամանակի ընթացքում պարզվում է, որ նա Ջենիի և մի ամուսնացած տղամարդու անօրինական զավակն է:

Հոր խիստ բնավորության և այն ժամանակվա բարքերի նկատմամբ ունեցած վախը ստիպել էին աղջկան հրաժարվել իր երեխայից և որդեգրման տալ Դիկինսոնների ընտանիքին: Զույգը որոշում է մոռանալ Դևիդի գոյության մասին:

Երկար տարիներ Դևիդն ու Ջենին շարունակում են նամակագրվել, սակայն նրանց այդպես էլ բախտ չի վիճակվում հանդիպել և տեսնել միմյանց: Որդու առաջարկը՝ գալ և տեսնել մորը, Եվգենիան միշտ մերժում էր:

«Ջերսիում լինելով՝ ես պարզապես կարող էի հայտնվել նրա տան շեմին, բացել դուռը… Սակայն, երբ ասացի նրան այդ մասին հեռախոսով, նրա ձայնը դողաց. նա շատ վախեցած և հուզված էր: Այդ ժամանակ ես մտածեցի. «Արդյոք արժե՞ նման բան անել: Արժե՞ արդյոք ներխուժել այդ կնոջ կյանքն ու այն տակնուվրա անել»… Նա ասաց, որ ամուսինը բարդ բնավորություն ունի: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ նրան դժվար էր նայել սեփական երեխայի աչքերին, որին նա ժամանակին թողել է: Եվ ես հարգում եմ նրա դիրքորոշումը», — ասել է Who Do You Think You Are հաղորդման հերոսը:

Ինչ վերաբերում է Դևիդի կենսաբանական հորը, նրա ինքնությունն այդպես էլ անհայտ է մնում: