«Պողպատե հայուհին»՝ ԽՍՀՄ առաջին կին ավիակոնստրուկտորը
Ելիզավետա Շահխաթունի՝ այս անունը քչերն են լսել, սակայն մեծ է հայուհու գործն ու ներդրումը՝ ԽՍՀՄ զարգացման գործում։
Ելիզավետա Շահխաթունին եղել է ԽՍՀՄ առաջին կին ավիակոնստրուկտորը, տեխնիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։ ԽՍՀՄ-ում նա այնքան մեծ հարգանք է վայելել, որ մինչև անգամ դարձել է Լենինյան մրցանակի դափնեկիր։
Ամուսնացած է եղել ազգությամբ ռուս ավիակոնստրուկտոր Օլեգ Անտոնովի հետ։

Ելիզավետա Շահխաթունու հայրը քաղաքական գործիչ էր, դաշնակցական, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Աղջիկը միշտ էլ հակումներ ուներ դեպի տեխնիկան, գիտությունն ու հատկապես մեքենաները։
Նա մասնակցել է Յակ-7, Յակ-9, Յակ-3, Յակ-15, Յակ-18 ինքնաթիռների ստեղծմանը։ Ղեկավարել СХА-1 կրկնաթև ինքնաթիռի ամրության հաշվարկներն իրականացնող բաժինը։
1955 թվականին ստեղծված Ան-8, ավելի ուշ՝ Ան-10 և Ան-1 ինքնաթիռների ամրության հաշվարկը կատարող խմբերը ղեկավարում էր «պողպատյա հայուհին»։ Նա մասնակցել է նաև Ան-12, Ան-14, Ան-24, Ան-26, Ան-28, Ան-30, Ան-32 և մի շարք այլ ինքնաթիռների ստեղծման աշխատանքներին։

Սակայն նրա և նրա ղեկավարած խմբի ամենահաջողակ նախագիծը Ան-22 «Անթեյ» ինքնաթիռի ամրության հաշվարկն էր, որն ուներ 250 տոննա քաշ և կարող էր օդ բարձրացնել մինչև 80 տոննա բեռ։ Հետագայում այդ ինքնաթիռով սահմանվեց 41 համաշխարհային ռեկորդ՝ ամենամեծ քանակով բեռներ տեղափոխելը ներառյալ, և հենց այս ինքնաթիռի հաշվարկների համար էր, որ հայուհին արժանացավ Լենինյան մրցանակի։
Նա մահացավ 99 տարեկան հասակում, Կիևում։