Հայկական տարազի նրբություններն ու առանձնահատկությունները

Հայկական տարազը հայ ժողովրդի մշակութային պատմության նյութական արտահայտություններից մեկն է, որ մեկնաբանում է ժողովրդի տնտեսական մակարդակը, կլիմայական ազդեցությունների ներգործությունը, մշակութային զարգացման մակարդակը:
Տարազները ծագել են հիմնականում իբրև կլիմայական ազդեցության դեմ պաշտպանության միջոց, սակայն սրանք արտահայտում են ժողովրդի մշակութային պատկանելությունը`փարթամ, պարզ, թե համեստ պատմական ավանդությունները, քաղաքական և պաշտոնական վիճակները: Իսկ տարազները և հարակից մասերի զարդարանքները` գլխարկներ, վզնոցներ, գոգնոցներ, թագեր, ժապավեններ, գոտիներ, ձեռնոցներ և այլն, մեզ պատմում են տվյալ աշխարհամասում բնակվող ժողովրդի սովորությունների և բնական արտադրությունների կարողությունների մասին։ Արտադրում էին բամբակ, բուրդ և այլն, և դրանք օգտագործում այլ ժողովուրդների հետ հաղորդակցման համար` առևտրի զարգացման, ճարտարագիտության առաջադիմության, հյուսվածքների, գունավոր նյութերի պատրաստման և այլնի համար: Տարազային համալիրն ունի տարբեր գործառույթներ` կիրառական, սոցիալական-սեռատարիքային, գեղագիտական, ծիսահմայական, «պրեստիժային» և այլն: Մարդուն պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ հագուստը կատարել է իր գործնական ֆունկցիան, մարմինը զարդարելով` ձեռք է բերել գեղագիտական նշանակություն:

Յուրաքանչյուր ժողովրդի տարազաձևերի և տարազի զարդանախշերի գունային համակարգը ձևավորվել է ժամանակի ընթացքում՝ տվյալ ժողովրդի խորհրդանշային մտածողությանը, գեղագիտական ճաշակին ու ըմբռնումներին համապատասխան: Գույնը զարդանախշն ընկալելու անհրաժեշտ միջոց է: Գույնի և ձևի ներդաշնակությունը ստեղծում է ընդհանուր համահնչեղություն և է՛լ ավելի է ընդգծում զարդանախշված հատվածի նշանակությունը:
Զարդանախշերի գունային ավանդույթները, սկիզբ առնելով հեռավոր ժամանակներից, ձևավորման նոր փուլ են մտնում միջնադարում. այդ գույներն ընկալվում են որոշակի խորհրդանշական իմաստներով: Տարազային զարդանախշերում օգտագործվում են ինչպես միագույն, այնպես էլ բազմագույն գունազարդեր:
Վերջապես, տարազը հայ ժողովրդի մշակութային պատմության կարևոր բաղկացուցիչ մասն է, այն ընդգծում է ընդհանրություններն ու տարբերությունները այլ ժողովուրդների հետ: